Երկուշաբթի օրը Երևանում տեղի է ունեցել զինված խմբի կողմից գրավված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի հարակից տարածքում զոհված ոստիկանության զորքերի ծառայող, 30-ամյա Յուրա Տեպանոսյանի հուղարկավորման արարողությունը:
Հուղարկավորությանը ներկա են գտնվել ոստիկանի հարազատները, ընկերները, ծառայակիցները։
Յուրի Տեփանոսյանը ամուսնացած էր, ուներ 2 դուստր և 1 որդի։
Ոստիկանության պնդմամբ, Տեփանոսյանը սպանվել է այդ պահին դեռ զինված խմբի վերահսկողության տակ գտնվող ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից։ Երիտասարդ ոստիկանը զոհվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ։
«Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պնդմամբ, մինչդեռ, «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը իր հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ վայրը, որտեղ սպանվել է ոստիկանը, իրենց համար տեսանելի չէ։
Այս հայտարարությունից հետո Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, պնդելով, որ տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից, և լուսանկարներ է հրապարակել, որոնք, իրավապահների պնդմամբ, ցույց են տալիս ոստիկանի սպանության վայրը, արձակված գնդակի հետագիծը, դիպուկահարի թաքստոցը, նաև դիպուկահարի նկարը։
Հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման ժամանակ զոհվել էր նաև ոստիկանության ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ևս չորս ոստիկան վիրավորվել էին։