Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է չեղարկել Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վրա ավելի վաղ սահմանված կալանքը, եթե պաշտոնական Մոսկվան կատարի Սիրիայում հրադադարի պահպանման հարցում ստանձնած պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Սեբաստիան Գորկան CNN-ի հետ զրույցում:
Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը հուլիսի 17-ին Վաշինգտոնում ընդունելու է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովին: Սպասվում է, որ Շենոնն ու Ռյաբկովը, մասնավորապես, կքննարկեն դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը:
Հունիսին Մոսկվան չեղարկել էր այդ երկու պաշտոնյաների հանդիպումը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայում ագրեսիվ քաղաքականության պատճառով:
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի դիվանագիտական համալիրների մուտքը Մերիլենդում և Նյու Յորքում արգելափակել են 2016 թվականին: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նման քայլերով Բարաք Օբամայի վարչակազմը խախտել է միջազգային իրավունքը: Պաշտոնական Մոսկվան դեռևս պատասխան քայլեր չի ձեռնարկել, սակայն վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե այդպիսիք, այդուհանդերձ, կլինեն: