Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» 14 անդամների գործով հերթական դատավարությունը այսօր ևս անցավ լարված մթնոլորտում։

Փաստաբաններին զայրացրեց այն, որ ամբաստանյալներին կրկին դատարան էր ուղեկցել ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանն, ով, ըստ նրանց, երկու շաբաթ առաջ դատարանի նկուղում այլ ոստիկանների հետ միասին ծեծի է ենթարկել անցած տարի Երևանում ոստիկանության գունդ գրաված խմբի 4 անդամներին։

«Այդ խոշտանգումները և ծեծը կատարվել են փոխգնդապետ Ղազարյանի կողմից, որը շարունակում է մեր պաշտպանյալներին դատարան բերել և նրանց հետ շփվել», - ասաց փաստաբար Արա Ղարագյոզյանը։

«Դուք, որպես դատավոր, որպես իրավաբան, քաջ հասկանում եք, որ տվյալ անձը էս պահին առնվազն կասկածյալի կարգավիճակ ունի: Ինքը իրավունք չունի շփվելու անձի հետ, ով որ տուժողի կարգավիճակ պետք է արդեն ունենար վաղուց: Հիմա Դուք տվյալ գործի շրջանակներում կասկածյալին և տուժողին թողնում եք, որ շփվեն իրար հետ: Մեր համար դա անթույլատրելի է», - հավելեց Լուսինե Սահակյանը:

Ի պատախան դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այս դեպքով արդեն քրեական գործ է հարուցված և որ ինքը չի կարող ոստիկանին արգելել չկատարել իր պարտականությունները և հավելեց․ - «Էդ հարցը այսօր մեր դատական նիստի դահլիճում քննության առարկա չի կարող հանդիսանալ»:

Դատավորին միացավ դատախազ Պետրոս Պետրոսյանը․ - «Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ թույլ չի տրվել նախագահողի կողմից․․․ այսինքն Ղազարյանը չի ազատվել նախագահողի կողմից, իմ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր նախագահող դատավորը ոստիկանին ազատել իր ծառայողական պարտականությունները կատարելուց: Բացի այդ պաշտպանության կողմից ներկայացվածը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, ամբաստանյալների մարմնական վնասվածքներ ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն: Կատարվող նախաքննությանը նախագահող դատավորի կողմից որևէ միջամտություն չի կարող լինել»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դատավորը չի կարողանում կառավարել նիստերը, այլապես դատարանի շենքում չէր գտնվի Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն, ով այս գործով տուժող է ճանաչվել․ - «Ընդամենը երբ որ պաշտպանները ընդմիջման ժամանակ իրար հետ փորձում էին առանձին խորհրդակցել մեր պաշտպանական մարտավորությունը, Օսիպյանը մեր կողքը գալիս-կանգնում էր: Երբ որ խնդրում էինք հեռանալ, դա էլ չէր անում»:

Դատարան չէին բերվել «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը։ Այս փաստը ևս զայրացրեց փաստաբաններին։ Իսկ դատավորը հայտարարեց, որ նրանք դատարանի նկատամբ անհարգալից վերաբերմունքի համար հեռացված են նիստերի դահլիճից։

Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկ պետք է հայտնեն, և այդ միջնորդությանը պետք է նաև իր համաձայնությունը տա Խանդոյանը․ - «Միջնորդում եմ իմ պաշտպանյալի նկատմամբ սահմանած դատական սանկցիայի ժամկետը համարել ավարտված և նրան թույլ տալ ներկա գտնվել նիստերի դահլիճում, որպեսզի նրա հետ խորհրդակցեմ և ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնեմ»:

Փաստաբաններին միացավ նաև Պավլիկ Մանուկյանը․ - «Ես լսել եմ, որ Դուք լավ մարդ եք, բայց հաստատ չեք կարող լավ դատավոր լինել»:

«Դրա համար լռեք, դատաքննությունը մի խանգարեք», - Մանուկյանին սաստեց դատավորը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը, ինչպես նաև մյուս փաստաբանները բողոքեցին, որ դատավորը չի կարող օբյեկտիվ լինել, քանի որ նրա քթի տակ ամբաստանյալներին խոշտանգում են, և նա դատարանից չի հեռացնում, ըստ «Սասնա ծռերի», իրենց բռնության ենթարկած ոստիկանին, ինչպես նաև առանց փաստաբանների դատ է անցկացնում։

Փաստաբանները ինքնաբացարկ ներկայացրեցին դատավորին:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, մեկուկես ժամ ընդմիջումից հետո, հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժում է։

Զինված խմբի անդամների գործով հերթական դատավարությունն այսօր ընդմիջվեց՝ ամբաստանյալներից մեկի վատառողջ լինելու պատճառով։ Դատական նիստի սկզբում «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանը ներկա էր, այնուհետև, ընդմիջումից հետո նա դատարան չբերվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ շտապբուժօգնություն է եկել դատարան, բժիշկը ցուցում է տվել նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Գիչյանը սրտի հետ կապված խնդիր ունի։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխանցեց Խաչատուր Գիչյանի խոսքերը, թե արդեն տասն օր է դեղ չի ընդունել, ինչն էլ նրա առողջական վիճակի վատացման պատճառ է դարձել։ Մինչդեռ քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գիչյանը ստացել է բոլոր այն դեղամիջոցները, որ նրան նշանակվել էին:

Նշենք, որ Քրեակատարողական վարչությունն այսօր հաղորդեց, որ դատարան բերվելուց առաջ զննության են ենթարկել Արեգ Կյուրեղյանին, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել է. նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Այսօր դատական նիստին ներկայացած երկու կանայք՝ Անահիտ Մուրադյանն ու Լաուրա Զաքարյանը ոստիկանություն էին տարվել՝ նիստերի դահլիճ ասեղներով մուտք գործելու համար։

Ըստ մեղադրանքի, հիշեցնենք, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։

XS
SM
MD
LG