Մատչելիության հղումներ

Երկշաբաթյա ընդմիջումից հետո այսօր շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը


Երկշաբաթյա ընդմիջումից հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը։

Նիստը հետաձգվել էր դատարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով՝ ամբաստանյալներից Արայիկ Կյուրեղյանը փորձել էր փաստաբաններից մեկին գրություն հանձնել, ոստիկաններն արգելել էին, դատավորը դահլիճից հեռացրել էր Արայիկ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ու ընդմիջում հայտարարել։

Ավելի ուշ փաստաբանները հայտարարեցին, որ դատարանի խցում ծեծի են ենթարկվել Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը և Գագիկ Եղիազարյանը։ Այդ դեպքից հետո դատական նիստ տեղի չի ունեցել։

Նշենք, որ ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ։

Այսօր նիստի մեկնարկին փաստաբան Արա Ղարագյոզյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դատարան չի բերվել իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը՝ հայտարարելով, որ այս պահին գուցե Խանդոյանը կրկին խոշտանգման է ենթարկվում։

Նիստը նախագահող դատավորն էլ հայտարարեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ սանկցիա է կիրառվել նրա նկատմամբ և այժմ Արայիկ Խանդոյանը գտնվում է դատարանի շենքում՝ իրենց համար նախատեսված տարածքում։

«Դուք չեք կառավարում այս դատական նիստը, սա կառավարվում է Վլադիմիր Գասպարյանի կողմից, Դատական դեպարտամենտի և Բաղրամյան 26-ի։ Այսինքն՝ դատավարություն, որպես այդպիսին, Դուք չեք կարող իրականացնել», - հայտարարեց Ղարագյոզյանը՝ նշելով. - «Դուք վստահություն չեք ներշնչում, որպես արդարադատություն իրականացնող, սակայն ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացնում, քանի որ վստահություն չունեմ, որ օբյեկտիվ որոշում կկայացնեք»։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG