Մատչելիության հղումներ

«Հաջորդը դու ես, աղիքներդ թափելու եմ». «Սասնա ծռերի» փաստաբաններն ահազանգում են՝ իրենց պաշտպանյալներից շարունակում են «վրեժ լուծել»


Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը և Ինեսսա Պետրոսյանը «Ազատության» տաղավարում, 11-ը հուլիսի, 2017 թ․

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով այսօր «Ազատություն» TV-ի հյուրն էր, հայտնեց, որ իր պաշտպանյալին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրգործի շրջանակներում Մխիթար Ավետիսյանը տուժող է ճանաչվել: Փաստաբանն, այդուհանեդերձ, ընդգծեց՝ չնայած այդ հանգամանքին, մինչ այժմ գործում որևէ կասկածյալ ներգրավված չէ:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանները «պարզապես վրեժխնդրության ակտ են իրականացրել», որը նախապես ծրագրված է եղել: «Սա աննախադեպ երևույթ է, իմ փաստաբանական 19-ամյա պրակտիկայում ես նման դեպք չեմ հիշում, որ պաշտպանյալներին խոշտանգեն ուղղակի դատարանի շենքում»,- ասաց Պետրոսյանը:

Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ով ևս այսօր «Ազատության» հյուրն էր, հայտարարեց՝ անկախ հանգամանքից, որ իր պաշտպանյալը, որը նույնպես խոշտանգվել է դատարանի շենքում, հայաստանյան արդարադատությունից որևէ ակնկալիք չունենալով «հավանաբար ցուցմունք չի տա», սակայն քննություն իրականացնող մարմինն ուղղակի պարտավոր է նրան տուժող ճանաչել, քանի որ «տեղ գտած փաստը հայտնի է»:

Շուշանյանը ևս պնդեց, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, բերելով նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի օրինակը: Փաստաբանի խոսքով՝ ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Արմեն Ղազարյանը Վարուժան Ավետիսյանին զգուշացրել է՝ «հաջորդը դու ես, աղիքներդ թափելու եմ»: Շուշանյանը հավելեց՝ ոստիկաններն ինքնուրույն չեն իրականացնում վրեժը, նրանց հրահանգ է տալիս Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG