Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի 4 անդամների ծեծի ահազանգով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հուլիսի 3-ին Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել հունիսի 28-ին Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:

«Նկատի ունենալով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս հայտարարության, պատճառվել են ոստիկանների կողմից, դեպքի առթիվ ավելի վաղ նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Իրականացվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ` միջադեպի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 4-ը պնդում են, որ հունիսի 28-ին դատարանի նկուղում ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից։

Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված արարքն է «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով», այն պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG