Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ փոխնախարար․ Բաքուն է պատասխանատու բոլոր զոհերի համար՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի` հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը», - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ չորեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ:

«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է փոխնախարարը:

Շփման գծում վերջին զարգացումներին Թուրքիայի արտգործնախարարության արձագանքին էլ Քոչարյանը հակադարձել է․ - «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում՝ երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԵՇ-ի [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման] ոճով գլխատումը, այլ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները: Մյուս կողմից Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բանկչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է: Ստացվում է` Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելիությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է»:

Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել էր երեքշաբթի օրը: Հուլիսի 4-ի ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Երեկ հրապարակած հայտարարությունում Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է հայկական կողմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG