Մատչելիության հղումներ

Թրամփի միգրացիոն հրամանագիրը այսօրվանից ուժի մեջ է մտնում


ԱՄՆ - Միգրացիոն սահմանափակումների մասին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հրամանագրի դեմ բողոքի ակցիա Լոս Անջելեսի օդանավակայանում, 29-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ - Միգրացիոն սահմանափակումների մասին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հրամանագրի դեմ բողոքի ակցիա Լոս Անջելեսի օդանավակայանում, 29-ը հունվարի, 2017թ․

Մահմեդական վեց երկրների ճամփորդները կարող են մտնել Միացյալ Նահանգներ, եթե նրանք ծնող, եղբայր, քույր ունեն երկրում, այլ ոչ թե պապ կամ զարմիկ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտներին առնչվող հրամանագրում, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում, ամրագրված է նաև այս կետը:

Գերագույն դատարանը, հիշեցնենք, օրեր առաջ մասամբ բեկանել էր ստորին դատական ատյանների որոշումները, ինչը ԱՄՆ նախագահը «անվտանգության բացարձակ հաղթանակ» էր որակել: Համաձայն ուղեցույցի՝ «մոտ հարազատներ կարգավիճակը վերաբերում է ծնողներին, ամուսիններին, զավակներին, նաև խորթ զավակներին, սակայն շրջանցում է տատերին և պապերին, թոռներին, մորաքույրներին, զարմիկներին, հարսնացու-փեսացուներին»:

Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ միգրացիոն սահմանափակումների հրամանագիրը Թրամփը ստորագրել էր մարտի սկզբին, սակայն այն, ինչպես և նախորդ՝ հունվարի վերջին ստորագրված հրամանագիրը, որով այդ երկրների թվում ընդգրկված էր նաև Իրաքը, արգելափակվել էր նահանգային դատարանի կողմից անորոշ ժամկետով՝ խտրական համարվելով:

Դոնալդ Թրամփի հրամանագրով 90 օրվա արգելք է դրվում վերոհիշյալ վեց երկրներից փախստականների ԱՄՆ մուտքի վրա: Համաձայն Գերագույն դատարանի որոշման՝ արգելքը չի անդրադառնա այն այցելուների վրա, ովքեր վստահելի կապեր ունեն Միացյալ Նահանգներում գտնվող մարդկանց կամ կազմակերպությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG