Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխանցմամբ, հունիսի 29-ից երկրում ժամանակավորապես կգործի նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտներին առնչվող հրամանագիրը, որով արգելվում է վեց երկրներից զբոսաշրջիկների մուտքը ԱՄՆ․ Գերագույն դատարանը հրամանագիրը մասնակիորեն վերահաստատել է:
Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ այցելել ցանկացողներին առավել մանրամասն կիրազեկեն արգելքի մասին:
Գերագույն դատարանը երեկ մասամբ բեկանեց ստորին դատական ատյանների որոշումները, ինչը ԱՄՆ նախագահը «անվտանգության բացարձակ հաղթանակ» որակեց:
Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ միգրացիոն սահմանափակումների հրամանագիրը Թրամփը ստորագրել էր մարտի սկզբին, սակայն այն, ինչպես և նախորդ՝ հունվարի վերջին ստորագրված հրամանագիրը, որով այդ երկրների թվում ընդգրկված էր նաև Իրաքը, արգելափակվել էր նահանգային դատարանի կողմից անորոշ ժամկետով՝ խտրական համարվելով:
Դոնալդ Թրամփի հրամանագրով 90 օրվա արգելք է դրվում վերոհիշյալ վեց երկրներից փախստականների ԱՄՆ մուտքի վրա: Համաձայն Գերագույն դատարանի որոշման՝ արգելքը չի անդրադառնա այն այցելուների վրա, ովքեր վստահելի կապեր ունեն Միացյալ Նահանգներում գտնվող մարդկանց կամ կազմակերպությունների հետ:
Մանրամասները տե՛ս այստեղ