Մատչելիության հղումներ

Թրամփի միգրացիոն հրամանագիրը հունիսի 29-ից կգործի


ԱՄՆ - Միգրացիոն սահմանափակումների դեմ բողոքի ակցիա Չիկագոյի օդանավակայանում, հունվար, 2017թ․
ԱՄՆ - Միգրացիոն սահմանափակումների դեմ բողոքի ակցիա Չիկագոյի օդանավակայանում, հունվար, 2017թ․

Հունիսի 29-ից ուժի մեջ կմտնի մահմեդական վեց երկրներից Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքը: Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես կասեցվում է:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը չեղարկեց նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը արգելափակող ավելի ցածր ատյանների դատական որոշումները և որոշեց, որ հրամանագիրը ուժի մեջ կմտնի, մինչև գործի վերջնական լսումները: Հաջորդ լսումները նշանակվեցին հոկտեմբերին: Դատարանը որոշեց նաև մասամբ սահմանափակել հրամանագիրը, բացառություններ թույլատրել այն քաղաքացիների համար, որոնք սերտ կապեր ունեն ամերիկյան կազմակերպությունների, բիզնեսի ու քաղաքացիների հետ:

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ երեք ամիս էլ չկա՝ Թրամփի առաջադրած թեկնածու Նիլ Գորսաչը հաստատվել է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում:

Գերագույն դատարանի հունիսի 26-ի որոշումից անմիջապես հետո Պետդեպարտամենտը հայտարարեց, որ սկսում է իրականացնել հրամանագրով նախատեսված արգելքները՝ դրանք կգործեն հունիսի 29-ից: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասաց, որ ԱՄՆ-ի կառավարությունը Միացյալ Նահանգներ ճամփորդողներին արգելքի մանրամասների մասին կտեղեկացնի կազմակերպված, պրոֆեսիոնալ ձևով և ժամանակին:

Գերագույն դատարանի որոշման մասին Թրամփը հայտարարեց, որ դա «հստակ հաղթանակ է ազգային անվտանգության համար»: «Որպես նախագահ՝ ես չեմ կարող թույլատրել այն մարդկանց մուտքը մեր երկիր, որոնք ցանկանում են վնասել մեզ: Ես ցանկանում եմ մարդկանց, որոնք սիրում են Միացյալ Նահանգները և նրա բոլոր քաղաքացիներին, որոնք աշխատասեր են և արդյունաբեր», - ասաց Թրամփը:

Սակայն ընդդիմախոսները պնդում են, որ արգելքը խտրականություն է մահմեդականների նկատմամբ՝ խախտելով Սահմանադրությունը:

Եմենի արտգործնախարարության պաշտոնյա Ահմեդ ալ-Նասին խորը մտահոգություն է հայտնել՝ ասելով, թե կարծում են, որ այդ արգելքը չի օգնի ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, այլ այդ երկրների քաղաքացիների մոտ կմեծացնի թիրախավորված լինելու զգացողությունը, հատկապես Եմենում, որը Միացյալ Նահանգների ակտիվ գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում, և համատեղ գործողություններ են իրականացվում ահաբեկիչների դեմ:

Թրամփի վարչակազմը նշում է՝ ժամանակավոր արգելքը անհրաժեշտ է ժամանակ շահելու համար, որպեսզի կատարելագործվի մահմեդական այդ երկրներից վիզայի համար դիմողների ինքնությունը ավելի լավ ստուգելու համակարգը:

2016-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում Դոնալդ Թրամփը խոստանում էր ընդհանրապես արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ: Ընտրվելուց ու նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նրա ստորագրած առաջին հրամանագրերից մեկով արգելվեց մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Հրամանագիրը արգելափակվեց, ինչից հետո Թրամփի վարչակազմը այն լրամշակեց, ու ցանկից հանվեց Իրաքը: Վեց երկրների քաղաքացիների մուտքը արգելող նոր հրամանագիրը ևս դաշնային դատավորները արգելափակեցին: Վերաքննիչ դատարանը պաշտպանեց դաշնային դատավորների որոշումները, սակայն Թրամփը գործը հասցրեց Գերագույն դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG