Մատչելիության հղումներ

«Կառավարության ներկայիս կազմը վայելում է իմ և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը». ՀՀ նախագահ


«Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը», - հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որպես Հայաստանի նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, որ չունենք որևէ նախապաշարում։ Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս։ Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը, ընդ որում, ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու վիճակը», - ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով կառավարության 2017-22 թվականների ծրագրի իրագործմանը՝ նախագահը նշեց, որ թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը։

«Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը։ Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար, ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը։ Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը», - ասաց նախագահը։

Հունիսի 23-ին Ազգային ժողովը 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար:

Ազգային ժողովում ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ այն կյանքի որակ փոխող ծրագիր է։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG