Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին


Արխիվ -- «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ազգային ժողովի մայիսի 18-ի նիստի ժամանակ
Արխիվ -- «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ազգային ժողովի մայիսի 18-ի նիստի ժամանակ

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության երեք պատգամավորների՝ Հարություն Ղարագյոզյանի, Խաչիկ Մանուկյանի և Արտյոմ Ծառուկյանի լիազորությունները դադարեցված են:

Մայիսի 19-ին պատգամավորները իրենց մանդատները վայր դնելու դիմում էին ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, նրանց մեկ շաբաթ ժամանակ էր տրված՝ մտածելու համար, սակայն այս անգամ նրանք իրենց դիմումները հետ չվերցրեցին, և Արա Բաբլոյանը ամբիոնից հայտարարեց նրանց պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին:

Վայր դրված մանդատները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր տվեց «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը՝ Գագիկ Ծառուկյանի օգնական, 26-ամյա Նորա Առուստամյանին, ԲՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավար, Նոր Նորքում գործող «Ակվալենդ» սպորտային կենտրոնի տնօրեն Հակոբ Նազարյանին և Երևանի պետական համալսարանի դասախոս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանին:

«Ազգային ժողովի ձևավորման ժամանակ մենք շնորհավորել էինք պատգամավորներին, բայց այսօր, ըստ էության, մենք ունեցանք նոր պատգամավորներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք՝ դեռ մայիսի 2-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորության թեկնածուների ցանկը, նրանց թվում «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 23 ներկայացուցիչներ կային: Հաջորդ օրը, սակայն, թեկնածուներից 12-ը պահանջեցին չեղյալ համարել իրենց դիմումները և նրանցից 8-ին, ովքեր հաղթահարել էին պահանջվող շեմը, պատգամավորական մանդատներ տրվեցին: Հետագայում մանդատ ստացածների մեծ մասը հայտարարեց, որ պատրաստ է կրկին հրաժարական ներկայացնել, եթե դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այդպես որոշի: Փաստորեն՝ ութից երեքը այժմ արդեն երկրորդ անգամ հրաժարվեցին մանդատներից:

Այսպիսով՝ «Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկների աղմկոտ պատմությունը կարծես մոտենում է ավարտին: Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասում է՝ դաշինքում ամեն ինչ կարգին է։

«Որևէ տարաձայնություն չկա, «Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ կարգին է, շնորհակալություն մտահոգության համար», - լրագրողների հետ զրույցում նշեց Տոնոյանը:

Որտե՞ղ է Իշխան Զաքարյանը

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը մայիսի 18-ից ի վեր չի մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին: Մամուլում լուրեր են պտտվում, թե դա պայմանավորված է փաստով, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարական տված և դաշինքի նախընտրական արշավով զբաղված Զաքարյանը ակնկալում էր ստանալ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, որը տրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

«Ազատության» հարցին՝ որտե՞ղ է Իշխան Զաքարյանը, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ - «Իշխան Զաքարյանը լինում է Ազգային ժողովում, այդ մասին ես տեղյակ եմ, ինքս հանդիպել եմ նրա հետ: Այս պահին, եթե չեմ սխալվում, Իշխան Զաքարյանը Մոսկվայում է գտնվում»:

Մամուլում նաև տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահին մոտ ապագայում կարող են պաշտոն առաջարկել գործադիրում: Այս առնչությամբ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչն ասաց՝ չի կարող մամուլի հրապարակումներին անդրադառնալ: - «Իշխան Զաքարյանից երբևէ նման մտադրության, ցանկության մասին չեմ լսել», - հավելեց Իվետա Տոնոյանը:

XS
SM
MD
LG