Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդամենը 2 տոկոս ձայն ստացած եւ խորհրդարան չանցած «Օհանյան ֊ Րաֆֆի -Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանի համար արդյունքները զարմանալի չէին։

«Ընտրական պրոցեսում բազմաթիվ կեղծիքներ են եղել», - խախտելով հետընտրական լռությունը՝ «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց «Ժառանգության» կուսակցության առաջնորդը․ - «Գաղտնիք չէ, որ սրանք ընտրություններ չէին: Հերթական անգամ չընտրություններ էին: Թիրախավորված էր մեր դաշինքը՝ հայտնի պատճառներով, և եղավ, ինչ եղավ: Ինձ համար, որպես հայաստանցի, սա նորություն չէր»:

Հարցին, թե արդյոք դաշինքը շարունակելու է պայքարը, թե պարտությունը պառակտեց ընդդիմադիր առաջնորդներին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դաշինքը նախընտրական էր ու նորաստեղծ, հետևաբար ակտիվ չլինելը չարակամորեն մեկնաբանել պետք չէ։

Ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը նաև հայտարարում է, թե հաշվի առնելով 2015-ի կեղծված սահմանադրական հանրաքվեն և դրան հաջորդող իրադարձությունները՝ կուսակցությունը գիտակցում է, որ հետագա պայքարը շարունակելու համար պետք է գնալ խոշորացման։ Իրենց բանաձևը արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորումն է։

Հարցին, թե արդյոք այդ կազմում կլինեն դաշինքի մյուս առաջնորդները՝ Պաշտպանության և Արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Մենք հանդիպել ենք, երեքով հանդիպել են, երկկողմանի հանդիպումներ եղել են: Իմ տպավորությունն այն է, որ իրենք պատրաստ են համագործակցության, համագործակցության ոչ միայն նախորդ դաշինքի շրջանակում, այլ ավելի լայն և ավելի խորը»:

Հովհաննիսյանի խոսքով, խորհրդարան անցած ուժերից ինքը համակրում ու զորակցում է «Ելք»-ին, իսկ «Ծառուկյան դաշինքի» ընդդիմադիր կեցվածքին դեռ գնահատական չի տալիս։

Վերադառնալով նորաստեղծ խմբակցությանը՝ խորհուրդ է տալիս երբեք չմեծամտանալ՝ հիշեցնելով, որ միայնյակ պայքարելով շոշափելի արդյունքի հասնել չեն կարող․ - «Շատ լավ է, որ «Ելք»-ը մտել է: Ես եղել եմ «Ելք»-ի ջատագովներից մեկը: Բայց պետք չէ մեծամտանալ, պետք չէ կարծել, որ «Ելք»-ը առաջինն է մեր հայոց արդի պատմության մեջ, որ ինչ-որ բան է փոխելու: «Ելք»-ը եկել է, ուր որ եկել է, որովհետև ունեցել է նախորդներ, ունեցել է օրինակներ»:

Ըստ նրա, ամենաարդիական հարցը, որը ծառացել է ոչ-իշխանական դաշտի առջև, ժողովրդին նոր այլընտրանք առաջարկելն է։ Հարցին, թե որն է դա, պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չունի։

«Ազատությունը» նրանից նաև հետաքրքրվեց, թե ինչ ձևաչափով է «Ժառանգությունը» շարունակելու գործունեությունը Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի և այլ հայտնի ներկայացուցիչների հեռանալուց հետո։

«Մենք հայ ժողովրդին և հայոց աշխարհին տվել ենք Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան և այլ շատ հայտնի անուններ: Եվ շատ հպարտ ենք իրենց գործունեությամբ, իրենցով․․․ Դպրոցը կա և ինքը շարունակելու է սպասարկել հայ ժողովրդի և հայոց պետականության շահերը», - արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ, հունիսի վերջին կուսակցությունը համագումար կանցկացնի և հանդես կգա առաջարկով։ Մինչ այդ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսավ ու համոզվեց, որ շատերը նմանակում են իրեն, իր կեցվածքը, խոսելաոճը։ Նույնը նկատել է նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ․ - «Թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Զարուհի Փոստանջյանը շատ բան սովորել են «Ժառանգությունից»: Մեկը կարող է շրջանավարտ լինի, դիպլոմ ունենա, մյուսը՝ ոչ, բայց ամեն մեկը սովորում է այնքան, որքան ինքը ուզում է: Մենք շատ ուրախ ենք դրանով: Եվ սա ցույց տվեց, որ եթե մենք չենք մասնակցում, եթե Ծառուկյանը, Դաշնակցությունը չի մասնակցում, հնարավոր է, որ Երևանը ունենա, անգամ պաշտոնական տվյալներով, մեկ երրորդ ձայն հօգուտ ընդդիմության»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, թե մայրաքաղաի ավագանու ընտրությունները նույնպես արդար չեն անցել։ Նրա կարծիքով, «Ելք»-ը, թեև ընդգրկվեց ավագանու կազմում, բայց սխալ վարվեց՝ չբողոքարկելով ընտրության արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG