Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին


Լուսանկարը՝ նախագահականի

Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր Սարդարապատի Հուշահամալիր էր այցելել Հայաստանի բարձրագույն իշխանությունը:

Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր Սարդարապատի Հուշահամալիր էր այցելել Հայաստանի բարձրագույն իշխանությունը։

Իր ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձավ 99 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսյան հաղթանակներին՝ շեշտելով, որ դրանք «նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ»:

«Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը: Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին և օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները և փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Շարունակելով խոսքը՝ Սարգսյանը հիշատակեց Առաջին հանրապետությանը նախորդող ժամանակաշրջանը՝ հիշեցնելով պետականությունից զրկված լինելու մասին։

«Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը»:

Անդրադառնալով արդեն նորանկախ Հայաստանին, նախագահ Սարգսյանը շեշտեց, որ այժմ Հայաստանի քաղաքացիներն ունեն իրավունքներ և ազատություններ:

«Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլև մարդու իրավունքներ և ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով: Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին»:

«Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի և բարօրության: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Փա՛ռք հայ ժողովրդին: Ուռա պարոնայք»։

Սերժ Սարգսյանի խոսքին հաջորդեց հանդիսավոր արարողությունը՝ ծաղկեպսակներ դրվեցին կոթողին։

Սարդարապատի հուշահամալիր եկած քաղաքացիներն «Ազատության» հետ զրույցներում նշում էին, որ ավելի բարեկեցիկ և անվտանգ Հայաստան են ուզում։

«Եթե մտահոգ է զինվորի մայրը, սահմանը պահելը դժվար է այսօր, ես կարծում եմ: Պահում են, չեմ կարող ասել ոչինչ, բնականաբար պահում են, բայց կուզենայի, որ բարեկեցիկ լինեին և ժպտային բոլորը, իսկ այսօր կարծում եմ, որ ժողովուրդը մտահոգ է և հոգսաշատ են, բոլոր խավերը», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Պատերազմից մինչև առ այսօր չեմ աշխատում: Էն ա որ՝ իմանում ենկռված ենք, ոչ մի տեղ չեն տալիս: Տեղ չկա ոչ մի տեղ: Եթե մի երոկւ տարի էլ աշխատում ենք, կրճատման տակ ենք ընկնում», - դժգոհեց մեկ այլ քաղաքացի:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ներկայիս Հայաստանը որպես ինքնիշխան երկիր, գոյություն չունի։

«Որպես իրապես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող երկիր, ըստ էության, չկա: Կա թղթի վրա, թուղթը փոխվում է, Սահմանադրությունը, այսպես, թե այնպես, բայց այն, ինչ որ մենք պահանջում ենք երկրից, աշխարհից, հարևան պետություններից՝ արդարություն, իրավունքների ճանաչում, մենք մեր սեփական քաղաքացիներին չենք մատուցել, ամենատարբեր չափումներով: Պետք է ավելի լավ աշխատենք և այնպես անեք, որ հասկանանք, որ ամենաբարձր հուշարձանը մեր ընկած հերոսներին ու մեր զոհերին, ամուր ժողովրդավարական և սահմանադրական պետությունն է, որը, տակավին, չենք իրացրել», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իրավունքներն ու օրենքները թղթի վրա թողնելու մեղավորը իշխանություններն են, պնդեց «Ժառանգության» առաջնորդը․ - «Առաջին հերթին իշխող, հերթական իշխող կուսակցություններին է, որոնք գերադասում են իրենց կուսակցապետությունը Հայաստանի Հանրապետության նկատամամբ: Պաշտոնը պետք է լինի անմնացորդ ծառայելու եղանակ, և ոչ թե ինքնահարստացման և ինչ-որ մեկի բազուկը ցույց տալու: Բոլոր դեպքում, իշխանությունները այսպես, թե այնպես գնում են, իսկ նրանք, ովքեր ծառայում են պարկեշտ, անմնացորդ իրենք գնահատվում են պատմության կողմից: Իսկ պետությունը մնում է: Մենք պետք է անենք այնպես, որ մեր անցյալի կորուստները չկրկնվեն: Քանի ունենք թույլ, չընտրված իշխանություն, վտանգը շատ է, որ կկրկնվեն: Իրենք պետք է հասկանան, որ սա իրենց և մեր թոռնիկների ապագայի համար է»:

Ղարաբաղյան պատերազմի հերոս, իշխող Հանրապետականի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները ժամանակի ընթացքում լուծում կստանան։

«Այո, խնդիրներ ունենք: Լյուբոյ աշխատանքի մեջ․․․Ոսկերիչները, որ ոսկերիչ են, բռլյանտի հետ են աշխատում, անընդհատ նորություն ավելի գեղեցիկ, էսօրվա սարքածը վաղվա համար բռակ ա լինում, թազեն պիտի սարքեն: Լյուբոյ աշխատանքի մեջ նման թերություններ պիտի լինի: Նոր պետություն ենք, շատ բաներ կան պիտի սովորենք, պետականացնենք, կրթենք: Հեն է՝ էն օրը լսեցի, որ վարչապետը մարզպետներին ասում է՝ գնացեք հատուկ դասընթացների, որովհետև, իրոք, կառավարման մեխանիզմներ կան, որ պիտի վերցնեք, շատ բաներ մենք էլ չգիտենք», - ասաց Մանվել Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG