Մատչելիության հղումներ

Վերահաշվարկ Մալաթիա-Սեբաստիայում․ պարկի վրա բացակայում էին կնիքն ու ստորագրությունները


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկու տեղամասերում կիրակի օրը անցկացված Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկից հետո էական փոփոխություններ չարձանագրվեցին։

Տարածքային հանձնաժողովը կրկին արձանագրեց, որ 7/51 և 7/53 տեղամասերում հաղթել է իշխող Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը։

Վերահաշվարկ պահանջել էր ընդդիմադիր «Ելք» դաշինքը։ Դաշինքի ներկայացուցիչները պնդում էին, որ «Ելք»-ը ավելի շատ ձայն է ստացել, քան նշվել է հանձնաժողովի արձանագրություններում։

«Ելք»-ի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը 7/53 տեղամասի վերահաշվարկից հետո էլ հայտարարեց, որ դաշինքի ձայները պակասեցվել են: Երբ տարածքային հանձնաժողովը փորձեց բացել այս տեղամասի քվեաթերթիկներով պարկը, Հովակիմյանը նկատեց, որ այն ո՛չ կնքված է, ո՛չ էլ ստորագրված, ինչպես պահանջվում է օրենքով:

«Բացել եք, ուրիշ պարկի մեջ լցրել եք: Ես սրա հետ համաձայն չեմ: Ոչ մի ապացույց չկա, որ սա 7/53-ի պարկն է», - հայտարարեց ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչը:

Հանձնաժողովը Հովակիմյանին դուրս հրավիրեց սենյակից՝ պնդելով, որ նա խոչընդոտում է իրենց աշխատանքը: «Ելք»-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ հանցագործություն է տեղի ունեցել:

«Իմ համոզմամբ՝ թույլ եք տվել հանցագործություն, փոխել եք պարկը», - պնդեց Վահագն Հովակիմյանը:

7/53 հանձնաժողովի նախագահ Արսեն Համբարձումյանը, մինչդեռ, այսպես մեկնաբանեց այն փաստը, որ պարկը տարածքային հանձնաժողով է հասել առանց ստորագրությունների և կնիքի․ - «Ես պարկը փակեցի և ասացի՝ ո՞վ ցանկություն ունի ստորագրելու: Ոչ մեկը չուզեցավ: Հոմ ես զոռով չէի՞ պարտադրելու այդ մարդկանց, որ ստորագրեն: Ոչ մեկին չհետաքրքրեց»:

Վերահաշվարկին ներկա վստահված անձանցից մեկը հավելեց՝ «չենք ստորագրել, որովհետև շատ հոգնած էինք»:

Ինչ վերաբերում է մյուս՝ 7/51 տեղամասին, ապա այստեղ ևս էական փոփոխություններ չարձանագրվեցին։ Վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ 566 ընտրողների մի մասը՝ մոտ 70-ը, որևէ մեկի օգտին չի քվեարկել։ Այս քվեաթերթիկները հանձնաժողովը համարել էր անվավեր։ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, սակայն, պնդեցին, որ դրանք քվեարկված են ցնդող թանաքով գրիչներով։

«Ազատության հետ զրույցում ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն ասաց, որ այստեղ միտում են տեսնում․ - «Զգալի մասը անվավերների՝ դրանք ընդդիմադիր կուսակցության էին պատկանում, ես չեմ առանձնացնում՝ և՛ «Ելք»-ի, և՛ «Երկիր Ծիրանի»-ի քվեների մեջ դրանք առկա էին»:

«Ելք»-ը պատրաստվում է այս երկու տեղամասերի համար վերահաշվարկի դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հիշեցնենք՝ կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով քվեների 71.25 տոկոսը: Մրցակից երկու ուժերից՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին՝ 7.75 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG