Մատչելիության հղումներ

«Ելք»-ը կարողացել է «արձանագրել դաշինքի օգտին տրված յուրաքանչյուր քվե»


Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը: 5-15-ը մայիսի, 2017 թ․
Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը: 5-15-ը մայիսի, 2017 թ․

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ընդհանուր առմամբ ձևավորվել են քաղաքացիների քվեարկության արդյունքում, և իրենք կարողացել են արձանագրել «Ելք»-ի օգտին տրված յուրաքանչյուր քվե։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացի իրենից, ցուցակի մյուս անդաները վերցնելու են ավագանու մանդատները։ Նախնական տվյալներով «Ելք»-ը կունենա 14 ավագանու անդամ։

«Հիմա մենք մտել ենք մի պրոցեսի մեջ, երբ «Ելք» դաշինքի ազդեցությունը քաղաքական կյանքում առաջինը, ֆիքսվեց, երկրորդը՝ մեծացավ և շարունակելու է մեծանալ: Այսինքն առաջիկա տարիներին քաղաքական հիմնական տրենդը լինելու է «Ելք» դաշինքի քաղաքական ազդեցության մեծացումը Հայաստանի քաղաքական կյանքում, և մենք հույս ունենք, որ այդ ազդեցությունը մեծանալու է այնքան, որ «Ելք» դաշինքը ստանձնելու է պետական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում», ֊ նշեց Փաշինյանը:

Ավագանու անդամի մանդատին Փաշինյանը նախընտրում է պատգամավորի մանդատը։ Դաշինքն առայժմ չի որոշել, թե ով է գլխավորելու Երևանի ավագանիում իրենց խմբակցությունը։ Չնայած մանդատները վերցնելու փաստին, «Ելք»-ը պնդում է, որ երեկ կայացած ընտրություններում ՀՀԿ շտաբերից համատարած ընտրակաշառք է բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կենտրոնացված ու կազմակերպված բնույթ։ Ավելին, ընդդիմադիր դաշինքը պնդում է, որ իրավապահները աջակցել են այս գործընթացին։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարում է, որ հետընտրական պայքար չի լինի, քանի որ հասարակության մոտ ընտրակաշառքի նկատմամբ ձևավորվել է հանրային հանդուրժողականության մթնոլորտ․ - «Եթե 70 տոկոսը համարում ա, որ ինքը պետք ա անապատացող քաղաքում ապրի, կամ պտի քաղաքին պատկանող 230 ավտոբուսները մնան փտեն հավաքակայանում, իսկ «Գազել»-ներով իրանք կռացած պետք ա գնան, իրանց ընտրությունն ա․․․ Ես հիմա գնամ կանգառներ, դուռը բացեմ, էդ մարդկանց զոռով քաշեմ, ասեմ՝ էդ «Գազել»-ից դուս արի, մի՞ կռացի․․․ Չեմ կարա: Եթե ուզում ա, թող էդպես երթևեկի»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, «Ելք» դաշինքը ստացել է 70 հազար 780 ձայն՝ մոտ հազարով ավելի, քան ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին։ Փաշինյանի խոսքով, տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են ընտրակաշառք վերցնել: Պատգամավորը, սակայն, չի կարծում թե նախընտրական շրջանում «Ելք»-ի առաջարկած հայտնի 15 հազար դրամի գաղափարը չաշխատեց։

Հիշեցնենք, դաշինքը խոստացել էր հաղթելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից:

«Եթե հաշվի առնենք, որ Հանրապետականի ընտրողներից հազար հոգի պակասել ա, մեր ընտրողներին հազար հոգի ավելացել ա, կարող ենք ասել, որ հազար հոգի, ով քվեարկում էր Հանրապետականին, հիմա քվեարկում ա մեր օգտին: Որովհետև տեղամասերից մենք ունենք մեր օգտին կարմիր գրիչով քվեարկած քվեաթերթիկներ», - ասաց Փաշինյանը:

«Գրիչը տվել են կարմիր, որ գնա փողով իրանց ընտրի, մեզ ա ընտրել», - պարզաբանեց Էդմոն Մարուքյանը:

«Ելք»-ը, այդուհանդերձ, իրավական դաշտում շարունակելու է պայքարը։ Դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ իրենց մոտ առկա ընտրակեղծարարության փաստերով դիմելու են դատախազություն․ - «Հաղորդում է նախապատրաստված․․․ Հանրապետական կուսակցության էդ ֆայլերի շրջանակներում քրեական գործ հարուցելու համար Գլխավոր դատախազին ենք դիմելու, մանրամասն այդ երեսուն էջանոց փաստաթղթերը ներկայացվելու են, և հետևողական ենք լինելու, որ բոլորը հարցաքննվեն, ուսումնասիրվի ամբողջությամբ և քրեական գործի շրջանակներում մարդիկ պատասխանատվության ենթարկվեն»:

«Ելք»-ը Երևանի ավագանիում պատրաստ է համագործակցել «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ: Հարցը, սակայն, սկզբում զարմացրեց Էդմոն Մարուքյանին․ - «Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ ա մանդատները․․․ Խորհրդարանի ընտրություններից հետո իր արած հայտարարությունը՝ ուղղված «Ելք» դաշինքին, այն մասին էր, որ «Ելք» դաշինքը գնաց վերցրեց մանդատները և ուրեմն դուք ծախվել եք, չգիտեմ ինչ․․․ չեմ ուզում ավելի խորը գնամ: Իր տրամաբանության մեջ, իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա վերցնի, էդ իրա տեքստը իրան ա վերաբերվում: Բայց մենք ասել ենք, և՛ պարոն Փաշինյանը, և՛ ես բազմիցս, որ մեքն պատրաստ ենք համագործակցել, մեր ֆրակցիան կհամագործակցի «Երկիր Ծիրանի» ֆրակցիայի հետ՝ եթե իրենք վերցնեն մանդատները»:

XS
SM
MD
LG