Մատչելիության հղումներ

«Ելք»-ի վստահված անձ․ Ընտրություններն անցել են վախի մթնոլորտում


«Ելք» դաշինքի վստահված անձ Նարեկ Սարգսյանը պնդում է, թե Երևանի ավագանու ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, Հանրապետականը ակնհայտ բռնություն է գործադրել ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների վրա:

Սարգսյանը, ով երեկ առավոտից եղել է Ավան վարչական շրջանում գտնվող 01/23 տեղամասում, ձայների հաշվարկից հետո դուրս գալով, ծեծի է ենթարկվել մի խումբ անհայտ անձանց կողմից։

Նա «Ազատությանը» պատմեց, որ մինչև այդ քվեարկության ընթացքում քաղաքական թեմայով վիճաբանություն է ունեցել ՀՀԿ-ի վստահված անձի հետ, որը սպառնացել է ընտրությունների ավարտից հետո հաշվեհարդար տեսնել իր հետ:

Թե ովքեր էին իր վրա հարձակվողները, նա չգիտի, ասում է՝ 20-25 տարեկան երիտասարդ տղաներ էին․ - «Եթե չեմ սխալվում, նախկին Հանրապետական պատգամավոր, Կարախանյան ազգանունով պատգամավորի որդին է՝ Արմեն Կարախանյան: Նա ինձ սպառնացել է, նա իրեն պահել է շատ լկտի»:

Դեպքի մասին ոստիկանություն ահազանգելուց և ցուցմունք տալուց հետո, Սարգսյանը տեղեկացել է, որ Հանրապետականի վստահված անձն ու իր վրա հարձակված մարդկանցից մի քանիսը ներկայացել են բաժանմունք։ Բայց արդյո՞ք նրանց նկատմամբ կիրառվել է որևէ խափանման միջոց չգիտի։ «Ազատությանը» ոստիկանության լրատվության բաժնից մասնրամասներ չներկայացրեցին, միայն նշեցին, որ գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տարվում է հետաքննություն։

«Տեղի է ունեցել քաղաքական ակցիա: Այդ քաղաքական գործողության․․․ բռնություն ենթարկելը ընդամենը մի դետալ է, որը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչ երկրում ենք մենք ապրում», - հավելեց Նարեկ Սարգսյանը:

Երևանի ավագանու ընտրությունների օրը բռնության են ենթարկվել նաև լրագրողները։ «Ազատություն» ռադիոկայանից Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտել, նրան քաշքշել ու հարվածել են Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբերից մեկում։ Գործն այժմ ոստիկանությունում է։ Կառույցից «Ազատությանն» ասացին, որ հրապարակման հիման վրա հետաքննություն է տարվում։

Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի գործունեության խոչընդոտելու գործը Քննչական կոմիտեում է։ Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նյութեր են նախապատրաստվում․ - «Քանի որ մեզ ուղարկվել է միայն մամուլի հրապարակումը, և մամուլի հրապարակման մեջ նշված հանգամանքները ստուգում ենք, որ ըստ այդմ որոշվի մեր հետագա քննչական ենթակայության հարցը»:

Բացի այս գործից, Քննչական կոմիտեի վարույթում ևս 9 հաղորդում-ահազանգ կա։ Դրանցից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում առանձնացվել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հրապարակում:

Ստուգման առարկա են դարձել նաև Ոստիկանությունում ստացված նույն բնույթի 38 ահազանգերը: Ընդհանուր 117 հաղորդումից մոտ կեսը վերաբերել են ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, եղել են ահազանգեր նաև առերևույթ ընտրակաշառք տալու, քվեարկության գաղտնիությունը խախտելուն դեպքերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG