Մատչելիության հղումներ

ՍԱՍ-ի ձայնագրության գործով ՀՔԾ-ն առայժմ որևէ մեղադրյալի, կասկածյալի անուն չի նշում


Շուրջ տասը օր է անցել, ինչ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպում» կայացած ձայնագրության առիթով, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունները քննող մարմինը ցայսօր չի հայտնել աղմկահարույց այս գործով անցնող որևէ մեղադրյալի, անգամ կասկածյալի անուն:

«Ազատությունը» հարցում էր ուղարկել ՀՔԾ պետ, Հայաստանի վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանին՝ խնդրելով տեղեկացնել՝ արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք առաջդրվել է այս քրեական գործի շրջանակում, կամ որևէ մեկը որպես կասկածյալ կամ վկա ներգրավվա՞ծ է:

«Նախաքննությունը շարունակվում է, և ելնելով քրեական գործով իրականացվող նախաքննության գաղտնիությունից` հնարավոր չէ նշված գործի վերաբերյալ լրացուցիչ այլ տեղեկությունների տրամադրումը», - կարդում ենք ՀՔԾ պատասխանում:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Hayastan24.Com-ը կայքի հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի համար՝ նախազգուշացնելով, թե ով ձայն չբերողները կկորցնեն․ - «Եթե դու էդ ձևի ես վերաբերվում մեզ, մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք: Հովհաննես Հովհաննիսյան, ո՞ւր ա․․․ Հը՞, Հովո, բերել չե՞ս: Հովոն մեր հետ չի, ուրեմն մեր դեմ ա, իմացեք: Ասենք, քյալամ, վարունգ բերելով չի, ախպեր ջան, պտի նաև ձեն ապահովես, չէ՞»:

Ձայնագրության հրապարակումից հետո երկու օր պահանջվեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ այն ուղարկվի ՀՔԾ՝ հանգամանքները ստուգելու նպատակով, ևս մի քանի օր պահանջվեց ՀՔԾ-ից, որպեսզի ստուգեն հանգամանքները:

Արդյունքում քրեկաան գործը հարուցվեց հրապարակումից հետո վեցերորդ օրը՝ ապրիլի 19-ին, և հարուցվեց Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Հիշեցնենք՝ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի ռեյտինգային թեկնածուներից մեկն էր և կարողացավ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած կուսակցության համար ապահովել շուրջ 12 հազար ձայն:

Նույն կուսակցության խորհրդի անդամ և մոտ 5 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աթոռը զբաղեցնող Արտեմ Ասատրյանին հարցրեցինք՝ արդյո՞ք մարդու իրավուքնների, Աշխատանքյաին օրենսգրիք ոտնահարում չէ այն, ինչ տեղի է ունեցել իր կուսակից ընկերոջը պատկանող «ՍԱՍ գրուպում»:

Նշենք, որ Արտակ Սարգսյանը տասնմեկ տարի է հանրապետական է և նույնպես հանդիսանում է կուսակցության խորհրդի անդամ:

«Որևէ գնահատական տալու համար պիտի ուսումնասիրություն արվի: Ես մանրամասն չեմ ուսումնասիրել դա», - ասաց նախարարը՝ հավելելով․ - «Դուք գիտեք, որ պատկան մարմինները հիմա ուսումնասիրում են խնդիրը, և կարծում եմ, ճիշտ կլինի, որ մենք մեր եզրակացությունը տանք համապատասխան մարմինների քննության և եզրակացությունների արդյունքում»:

Աշխատանքային օրենսգրիք 37-րդ հոդվածի համաձայն՝ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց սոսկ այն պատճառով, որ աղմուկ բարձրացավ․ - «Բայց քրեական գործ հարուցելը դեռ չի նշանակում, որ նա պետք է քննություն կատարի յուրայինների նկատմամբ՝ ասենք, Սասի Արտակի, որը ավելի բարձր արժեք է, քան, ասենք, ցանկացած ժողովրդավարություն, ցանկացած մեկ այլ բան, որը դեպի ժողովրդավարություն կարող է տանել: Բնական է, որ նրանք որևէ քննություն չեն կատարելու, և մենք հիմա տեսնում ենք, թե Հանրապետական ինչ վերաբերմունք է դրսևորում: Էլ չեմ ասում Սահմանադրական դատարանում, երբ Լևոն Զուրաբյանը հնչեցնում էր այդ ՍԱՍ-ի հետ հապված հարցը, դեմքի ինչ արտահայտությամբ էր դա ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը»:

Իրավապաշտպանը բերեց լրագորղների նկտամամաբ տեղ գտած բռնությունների քրեական գործերի օրինակը․ - «Եթե լրագրողներին բռնության են ենթարկում, և քննություն չկա, մենք չգիտենք ով է մեղադրվում, ինչ է լինում, ինչ է լինելու, գիտենք, որ փակելու են այդ ամեն ինչը, նույնը էս դեպքում: Ես չեմ զարմանա, եթե Սասի Արտակը Հանրապետականի ցուցակում է լինելու և պատիժ, որևէ հանդիմանանք չի ստանալու: Սա բնական Հանրապետական գործընթաց է»:

XS
SM
MD
LG