Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները սուր են հակադարձում նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը՝ ընդգծելով՝ Հայաստանում մարդու իրավունքները ոչ միայն պաշտպանված չեն, այլև իշխող Հանրապետականը փորձում է ստրկացնել մարդկանց:

Հայաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրությունները ոչ միայն առաջընթաց արձանագրեցին ժողովրդավարության գործում, այլև իշխանություններին հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների առաջ մղումը:

«Մենք տեսանք ինչպես է Հանրապետականը փորձում ստրկացնել մարդկանց: Եվ ընտրական գործընթաց, ընդհանրապես, Հայաստանում գոյություն չունի», - հակադարձում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հիշեցնելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ տեղ գտած բռնությունները, զանգվածային ընտրակաշառքի մասին հայտարարությունները, մարդկանց ցուցակագրումը:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածը առանձնացավ մի շարք աղմկահարույց իրադարձություններով:

«Ազատության» հետ զրույցում Ջրառատ գյուղի բնակիչ Մանվել Մելքոնյանը պատմեց, թե ոստիկանության գնդապետ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով անցած ամառ աչքի ընկավ լրագրողների դեմ կիրառված բռնությունների ժամանակ, ինչպես է զենքը պահել իր 27-ամյա որդու՝ Հակոբ Մելքոնյանի ուղղությամբ՝ պահանջելով չոքել ու ներողություն խնդրել: Գյուղում օրեր տևած բախումների պատճառը ընտրություններն էին՝ Երանոսյանների ազգական գյուղապետը սատարում էր իշխող Հանրապետականին, մյուս կողմում՝ ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին էին:

Տեղի ունեցածը քննող Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, Լեռնիկ Երանոսյանը տուժող է ճանաչվել, իսկ հարցաքննության կանչված գյուղացիները ցուցմունք չեն տվել այն մասին, ինչ ասել էին լրատվամիջոցներին:

Ընտրություններից հետո հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ հայտնի ձայնագրությանը, ուր մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքով, Ջրառատում և ՍԱՍ Գրուպում տեղի ունեցածը «ընդամենը այսբերգի գագաթն են»: - «Կարծում եմ՝ ընտրությունները փայլուն համարող ուժերը ցավում են, որ բռնվել են այս մի քանի դեպքերը, հակառակ դեպքում սրանք էլ կարելի էր պարտակել, կոծկել և հանդիպել դեսպանների հետ ու ասել ոչ թե առաջընթաց է, այլ ուղղակի կատարյալ ընտրություններ են», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությանը՝ Անդրեասյանն ասաց․- «Կա՛մ Սերժ Սարգսյանը և ես նույն Հայաստանում չենք ապրում, կա՛մ ես մարդու իրավունքներից ոչինչ չեմ հասկանում: Կարող եմ ասել, որ եթե որևէ մեկին, այդ թվում Հանրապետության նախագահին բավարարում է մարդու իրավունքների այս վիճակը, նշանակում է մարդու իրավունքների իմիտացիան, ժողովրդավարության ֆեյք տարբերակը ձեռնտու է այսօրվա երկրի իշխանություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG