Մատչելիության հղումներ

Հաշվի առնելով ձայնագրության մեջ հանցակազմի առերևույթ առկայությունը՝ քրեական գործ չհարուցելու տարբերակ չկա, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով համացանցում անցած շաբաթ տարածված աղմկահարույց ձայնագրությանը, որտեղ մի տղամարդ ենթադրաբար «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից:

Փաստաբանի փոխանցմամբ, այդ ձայնագրության մեջ առնվազն քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր կան, խոսքը Քրեական օրենսգրքի 149 և 154 պրիմ 2 հոդվածների մասին է՝ տվյալ դեպքում ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը և ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

«Երկուսն էլ վերաբերում են ընտրողի կամարտահայտության վրա ազդելուն՝ գույքային սպառնալիքի միջոցով։ Քանի որ գործ ունենք գործատու-աշխատող հարաբերությունների հետ, որտեղ էլ ակնարկվում է աշխատել-չաշխատելու, լավ լինելու- վատ լինելու և այլն... նաև հանգամանքներ, խոսքը գնում է նրա մասին, որ, այո՛, ակնհայտ է, որ անձանց պարտադրում են մասնակցել, պարտադրում են կոնկրետ գործողություններ կատարել կոնկրետ թեկնածուի և կուսակցության օգտին, և դիմացն էլ բնականաբար կա գույքային սպառնալիք։ Ակնհայտ է, որ այս պարագայում ես տարբերակ չեմ տեսնում, որ քրեական գործ չի հարուցվի», - ասաց Վարոսյանը։

Նշենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Hayastan24 կայքում հրապարակված աղմկահարույց ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ կհարուցի, սակայն դժվար թե համապարփակ քննություն կատարվի՝ հաշվի առնելով, որ ընտրություններից առաջ այդօրինակ դեպքեր էլի են եղել, և Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը միակը չէ:

«Չեմ կարծում, որ սա միայն ՍԱՍ Գրուպին վերաբերող ինչ-որ երևույթ է, և այլ բազմահազարանոց ձայներ ստացած թեկնածուները տենց վայելում էին ժողովրդի սերն ու վստահությունը և իրենց ձայներն այդպես հավաքեցին։ Ակնհայտ է, որ սա ընդհանուր գործընթացի մեկ ձայնագրության միջոցով երևացած մասն է, ուստի և լիարժեք համապարփակ քննություն և բոլոր փաստերի վերհանում ես չեմ ակնկալում», - ասաց փաստաբանը։

«Տարոն Մարգարյանը պահանջել է 60 ձայն իր ամեն աշխատողից»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, համոզված է՝ քրեական գործ չի հարուցվի։ - «Ես չեմ հավատում, որ հարուցվելու է քրեական գործ և «ՍԱՍ-ի Արտակը» պատժվելու է։ Ես համոզված եմ, որ չի հարուցվի, ինչ եք ասում։ Ո՞ր դեպքով է քրեական գործ հարուցվել, ասենք, ծառերը կտրելու համա՞ր։ Կարծում եմ, որ չափազանցված է մարդուն կալանքի տակ վերցնելը այդ դեպքի համար։ Այսինքն՝ հանկարծ Սերժ Սարգսյանը իմացավ, որ այս երկրում ինչ-որ մի բան անօրինական է և անմիջապես կալանավորեցին այդ մարդուն։ Մնացած դեպքերն ինքը չի իմանում՝ ասենք բացարձակապես։ Էկզոտիկ էր նախագահի այս հայտարարությունը, որ ինքը չի կարող հանդուրժի, երբ որ ծառ են կտրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Իրավապաշտպանի փոխանցմամբ, այն ինչ հանրությունը տեսավ ՍԱՍ գրուպի աշխատակիցների օրինակով, իրականում համատարած երևույթ է և արտացոլում է տարիների ընթացքում ձևավորված հայաստանյան ընտրական համակարգի ողջ էությունը։ Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ նույն երևույթը տեղի է ունենում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ:

«Տարոն Մարգարյանը պահանջել է 60 ձայն իր ամեն աշխատողից: Այստեղ ավելի պաշտպանված, գիտակից մարդիկ են, չէ՞, քաղաքապետարանի տարիների աշխատակից: Բայց ի՞նչ անի: Գիտե՞ք՝ հաճույքով չի անում այդ մարդը, բայց ուզում է մնալ այդտեղ աշխատել, աշխատում է: Աշխատանքից ազատվելու սպառնալիքն է, որը կախված է ուղիղ իր գլխին», - պատմեց Ալեքսանյանը: - «Եվ պատկերացնում եք՝ մարդը տարիներ աշխատում է քաղաքապետարանում և հոգնել է այդ վիճակից, ինչպես ինձ պատմում էին: Այսինքն, շատ են ուզում, որ ազատվեն Հանրապետականից: Բողոքում էին, որ ուզում են աշխատեն, գան տուն՝ հանգստանան, ապրեն, ոչ թե ընկնեն փողոցները՝ ձայն հավաքելու, ինչպես հիմա դա արվում է»:

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե Տարոն Մարգարյանը նման պարտադրանք է դրել քաղաքապետարանի աշխատակիցների վրա: - «Հայտարարում եմ՝ բացարձակ սուտ է դա: Ինքս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից եմ․ իմ վրա նմանատիպ բան որևէ մեկը ոչ դրել է, և առավելևս ասեմ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դրա անհրաժեշտությունը բացարձակապես չունի»:

«Ազատության» հարցին, թե՝ ՍԱՍ գրուպի նման ձայնագրություն չսպասե՞նք Երևանի քաղաքապետարանից, Արթուր Գևորգյանը արձագանքեց․ - «Քաղաքապետարանում նման ժողովներ չեն լինում՝ մեկ: Երկրորդը՝ եթե ինչ-որ մարդիկ ունեն ինչ-որ նմանատիպ բաներ, կխնդրենք՝ թող հրապարակեն»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, հակադարձում է՝ քաղաքացիները անելանելի վիճակում են հայտնվել, չկա որևէ մարմին, որին կարող են դիմել և որն այսօր նրանց իրավունքները կպաշտպանի: Արդյունքում մարդիկ փորձում են հարմարվել ստեղծված իրավիճակին․ - «Ի՞նչ անի այն աղջիկը, որը, օրինակ, 0 ձայն է բերել, ինչպե՞ս պաշտպանվի: Ես ելք չեմ տեսնում: Եթե այդ աղջիկը գնար բողոքեր՝ ո՞ւմ պիտի բողոքեր, ո՞վ էր նրան պաշտպանելու»:

«Ազատության» հարցին՝ Մարդու իրավունքների պաշտպանը չունի՞ ինչ-որ անելիք, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց․ - «Ես չգիտեմ, թե Մարդու իրավունքների պաշտպանը ինչով է զբաղված: Մենք տեսանք, թե Սարի թաղի դեպքերով նա ինչ է հայտարարել․ որ ինքը մարդկանց մոտ «ոչ խաղաղ» միտում է տեսել, չի տեսել այդ տուժված քաղաքացիներին: Հիմա, եթե այդ հայտարարությունը քաղաքացին լսում է, և մենք բավականին թափանցիկ գիտենք ինչ է տեղի ունեցել Սարի թաղում, ինքը դրանից հետո ինչպե՞ս կարող է դիմել օմբուդսմենին իրեն պաշտպանելու համար, եթե նա քաղաքացուն ուղղակի մեղադրում է»:

Հիշեցնենք՝ համացանցում ձայնագրության տարածումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ որակեց ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները: Արման Թաթոյանը նաև վստահեցրեց, թե իր իրավասության սահմաններում կերաշխավորի իրենց այդ հարցով դիմողների գաղտնիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG