Մատչելիության հղումներ

Հանգստյան օրերին Դավթաշեն 1-ին թաղամասի Աղաբաբյան փողոցում հատվել է հինգ բարդի և քսանչորս թեղի:

Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը սլաքն ուղղում է մասնավոր տնտեսվարողի կողմ՝ պնդելով, որ ինքն անձամբ է բացահայտել ապօրինի ծառահատման փաստը։

«Ազատության» հետ զրույցում, սակայն, Բաղդասարյանը չցանկացավ նշել մեղավորի անունը․ - «Չեմ կարող ասել մինչև իրավապահները գնահատական չտան: Գրությունով արդեն դիմել եմ ոստիկանություն այսօր առավոտյան»:

Ստացած ահազանգի հետքերով ոստիկանությունն այսօր կեսօրին մոտ հայտնաբերել է ծառահատողին և բերման ենթարկել Մաշտոցի բաժին: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նա 1966 թվականին ծնված Ա. Ս.-ն է։ Պատճառված նյութական վնասի չափը դեռ պարզվում է, իսկ նյութերն արդեն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Ըստ Բնապահպանության նախարարության, պատճառվել է 2 մլն 860 հազար դրամի նյութական վնաս:

Թե ինչն է դրդել քաղաքացուն միանգամից հատել 25 տարեկան 29 ծառ, վարչական շրջանի ղեկավարը չգիտի․ - «Շատ անմիտ բան է արված: Ես չեմ կարող ասել, որ որևիցե տնտեսվարող կարող էր մեր կենտրոնական փողոցներից մեկի գազոնում գտնվող հաստաբուն բարդիները կտրելով իր համար ինչ-որ խնդիր լուծել»:

Հարցին, թե գուցե փորձում էր հավելյալ տարածք ազատել, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Էդպիսի բան անհնար է, որովհետև տարածքը որ դուք ինքներդ տեսնեք, շատ պարզ և հասկանալի է, որ էնտեղ տարածք չկա, որպեսզի ազատվի, շինարարություն արվի և այլն, և այլն․․․ Միգուցե տեսանելիության խնդիր լինի»:

Այդ հատվածում գործող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի անուն-ազգանվան առաջին տառերը համընկնում են բերման ենթարկվածի անուն-ազգանվան հետ: Լողավազանի աշխատակիցը հրաժարվեց տրամադրել Ալեքսանդր Սամսոնյանի հեռախոսահամարը, բայց պատմեց, որ ծառերի ճյուղերը հաճախ էին կոտրվում և վտանգավոր դառնում երեխաների համար․ - «Ես, իհարկե, չգիտեմ ով է կտրել, բայց էդ ծառերի ճյուղերը քանի դեպք ա եղել, որ երեխաները տակից հազիվ են փախել․․․ Մեր լողավազանը ռեկլամի կարիք չունի, որ մենք ցուցանակը բացեինք․․․ Ես չգիտեմ ում գիտությամբ են կտրվել, բայց որ մեր մոտ ծառերը վնասված էին․․․»:

Ծառերի վնասված լինել-չլինելու մասին փողոցում փոքրիկ վիճաբանության սկսվեց նաև բնակիչների միջև։ Ոմանք համարում էին, որ կտրելը ճիշտ է, մյուսները՝ սա որակում որպես վանդալիզմ:

«Որդնած, փտած ծառեր ա եղել, դրա համար էլ կտրել են», - ասաց մի կին:

«Կտրել կա, կտրել էլ կա», - հակադարձեց մեկ այլ կին:

Վարչական շրջանի ղեկավար «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ հետևողական են լինելու, որպեսզի օրինազանց տնտեսվարողի նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը․ - «Իմ նպատակն է՝ օրենքի ամենայն խստությամբ, բացի քրեական գործ հարուցելը, բացի դատապարտելը, բացի պատժելը, իմ ակնկալիքն է, որ շատ լավ ծառեր պիտի վերականգնվեն այդտեղ [հատումը] կատարողի կողմից»:

Ապօրինի ծառահատման դեպքին քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նաեւ քաղաքապետը Տարոն Մարգարյանը, ով ասել է, թե վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG