Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն» ՔԿՀ երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար


Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում, ՀՔԾ հաղորդագրության համաձայն, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:

«Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ռոման Մարգարյանն ու պահպանության ապահովման բաժնի մասնագետ Արթուր Եղիազարյանն ընդգրկվել են պահախմբում` իրականացնելու «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժման նպատակով գտնվող նույն ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գրիգորյանի պահպանությունն ու հսկողությունը: Սակայն Ռ. Մարգարյանն ու պահախմբի ավագ նշանակված Ա. Եղիազարյանը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, խախտելով կալանավորված անձանց պահպանության համար սահմանված կարգը, մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս փախուստը բացառելու նպատակով. այսպես, 04.02.2017թ.-ի առավոտյան պահախմբի ավագը հիվանդասենյակում հսկողություն իրականացնելու ժամանակ քնել է, իսկ Ռ. Մարգարյանը բացակայել է պահպանվող տարածքից: Կալանավորն էլ, օգտվելով այդ հանգամանքներից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

«Քրեակատարողական հիմնարկի հիշյալ աշխատակիցների դրսևորած պաշտոնեական անփութության հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավոր Ս. Գրիգորյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ: Բացի այդ, խաթարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բնականոն գործունեությունն ու հեղինակազրկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ինչի համար Ա. Եղիազարյանին ու Ռ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Հիշեցնենք, «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմած կալանավորը նույն օրը հայտնաբերվել է:

Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածը պաշտոնեական անփութության համար նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամսով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG