Մատչելիության հղումներ

Հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը նույն օրը հայտնաբերվել է


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները։

Փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված կալանավոր Սուրեն Գրիգորյանը դիմել է փախուստի։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարելու և գողության փորձի մեջ մեղադրվող Ս. Գրիգորյանը (վերջինիս վերաբերյալ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում) փետրվարի 4-ի վաղ առավոտյան տեղափոխվել է բժշկական կենտրոնի առաջին հարկում գտնվող կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Նախնական տվյալներով՝ կալանավորը հիվանդասենյակից դուրս է եկել սանհանգույց գնալու պատրվակով, որտեղ պատուհանից դիմել է փախուստի: Պարզվել է բժշկական կենտրոնում Ս. Գրիգորյանի պահպանության համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի («Պաշտոնեական անփութություն») 1-ին մասի և 355-րդ հոդվածի («Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից») 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նույն օրը՝ փետրվարի 4-ին, փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG