Մատչելիության հղումներ

Լավրով․ «Ակնկալում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը տրվում է կարգավորման»


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 6-ը մարտի, 2017թ․

Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո:

«Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ռուսաստանը հետագայում էլ կնպաստի կողմերի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափում: Եվ, իհարկե, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը և շարունակել․ - «Բոլոր մեր քայլերը ձեռնարկվում են համանախագահների կողմից մշակվող սկզբունքային մոտեցումների հունով՝ նկատի ունեմ մեր գործընկերներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան»:

«Ակնկալում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը տրվում է կարգավորման: Դա, առաջին հերթին, անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերը, այն շրջանների վերադարձի հարցերը, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ և չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ այն մարդկանց կարծիքը հաշվի առնելով, ովքեր այնտեղ ապրում են, դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ վստահեցնելով․ - «Այդ ասպեկտների մեծ մասի շուրջ մեզ մոտ համաձայնություն կա: Բայց երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են: <...> Մենք դեռևս հեռու ենք նրանից, որ կողմերը մշակեն միասնական մոտեցում այդ մնացող հարցերի նկատմամբ»:

Ընդգծելով, որ կարգավորման բովանդակային բանակցությունների համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում սրված իրավիճակի լիցքաթափմանը, Լավրովը շեշտել է․ - «Համոզված եմ, որ կարևոր դեր կխաղար վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հաշվի առնելով անցած տարվա մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ԵԱՀԿ շրջանակում մշակված առաջարկները»:

Մամեդյարովը, իր հերթին, հայտարարել է․ - «Ռուսաստանը շատ լուրջ ջանքեր է գործադրում [Լեռնային Ղարաբաղի հակամարտության] կարգավորման համար, այսօր մենք դրանք մանրամասնորեն քննարկեցինք: Դրանք լսում են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, կան ինչ-որ հեռանկարներ»:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG