Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ «Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում, խնդրի կարգավորման հեռանկար կա»


Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, Մոսկվա, 6-ը մարտի, 2017 թ․
Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, Մոսկվա, 6-ը մարտի, 2017 թ․

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով էլ, «դեռևս չեն համաձայնեցվել երկու-երեք առանցքային թեմա, դրանք քննարկվում են»:

Ռուսաստանը նպաստելու է, որ գտնվեն ղարաբաղյան կարգավորման հարցում Բաքվի և Երևանի համար ընդունելի տարբերակներ: Այս մասին իր «ադրբեջանցի պաշտոնակից և ընկեր» (իր իսկ բնորոշմամբ) Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ելնում ենք նրանից, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել»,- նաև ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Թվարկելով այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ ընթանում էին այս պահին ընդհատված բանակցությունները, Լավրովն ընդգծել է․ - «Դեռ չեն համաձայնեցվել երկու-երեք առանցքային թեմա, դրանք քննարկվում են»: Անկեղծանալով՝ Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ «կողմերը դեռ հեռու են այդ հարցերի շուրջ համաձայնությունից»։ Անդրադառնալով ներկայումս բանակցային սեղանին առկա սկզբունքներին, Լավրովն ասել է․

«Սրանք և՛ անվտանգության հարցեր են, և՛ հումանիտար, և՛ Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի հարցն է, այն տարածքների, որ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Անկասկած, հաշվի առնելով այնտեղ ապրող մարդկանց»։

ՌԴ արտգործնախարարը խոսել է նաև խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի մասին։ Վերջինս չի բացել փակագծերը, թե հատկապես որ հարցերի շուրջ չկա համաձայնություն:

Փոխարենը՝ Ադրբեջանի արտգործնախարարը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկար ու մանրամասն քննարկել են այդ «դեռ չհամաձայնեցված հարցերը», և որ «ադրբեջանական կողմը սպասում է, թե երբ է Երևանն ընդունելու բանակցային սեղանին եղած առաջարկները»: «Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում, խնդրի կարգավորման հեռանկար կա»,- ասել է Մամեդյարովը:

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր նաև հայտարարել է, թե բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ նվազի շփման գծում առկա լարվածությունը։

«Համոզված եմ, որ կարևոր դեր կխաղար վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հաշվի առնելով անցած տարվա մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ԵԱՀԿ շրջանակում մշակված առաջարկները»,- ասել է Լավրովը:

Վերջին անգամ Լավրովն ու Մամեդյարովը հանդիպել էին հունվարին: Այդ հանդիպումից հետո Մամեդյարովը դիվանագիտական էթիկետի առումով աննախադեպ հայտարարություն էր արել, նշելով, թե «այնքան էլ գոհ չէ Լավրովի հետ բանակցություններից»։ Այս անգամ Ադրբեջանի արտգործնախարարը միայն գոհունակություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG