Մատչելիության հղումներ

ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ ցուցակի առաջին եռյակը՝ Տեր-Պետրոսյան, Դեմիրճյան, Զուրաբյան


Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, դաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի ընտրարշավին:

«Նա առաջինն է: Իր քայլերով հենց ցույց է տալիս, որ սա ինքը ընդունում է որպես իր կողմից ղեկավարվող գործ», - հայտարարեց Զուրաբյանը:

Խորհրդարանական նախորդ ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, ու նրա փոխարեն պատգամավոր դարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Զուրաբյանն ասաց, որ Առաջին նախագահը կարծրատիպերով չի ղեկավարվում․ - «Վստահ եմ, որ ինքը կընդունի այն որոշումը, որը համարում է քաղաքականապես նպատակահարմար: Չի կարելի մտածել, որ հատկապես, օրինակ, Տեր-Պետրոսյանի նման մարդիկ ստերեոտիպներով են ղեկավարվում, միշտ վարվում են նույն պես»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ԿՈՆԳՐԵՍ֊ՀԺԿ դաշինքի համապետական ցուցակում, Զուրաբյանի փոխանցմամբ, 140 հոգի է ընդգրկված՝ նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Դաշինքը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը՝ Լևոն Զուրաբյանը, չորրորդը՝ Զոյա Թադևոսյանը:

Դաշինքը 130-ից ավելի տարածքային թեկնածուներ ունի․ կառաջադրվեն հրապարախոս, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը, հրատարակիչ, «Անտարես հոլդինգի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Ցուցակում ընդգրկված են նաև նախկին պաշտոնյաներ ու Մարտի 1-ի գործով կալավորված անձինք․ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը:

«Ինը քաղբանտարկյալ ունենք մեր ցուցակում: Ես համարում եմ, որ սա պարծենալու առիթ է: Չնայած 2008 թվականից անցած էդ բոլոր հալածանքներին իրենց նկատմամբ, իրենք այսօր նորից պայքարի մեջ են, նորից կռվում են մինչև վերջ», - ասաց Զուրաբյանը:

ՀԺԿ-ն է կարծես ավելի քիչ ներկայացված դաշինքի ցուցակում: Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Մինասյանի փոխանցմամբ՝ առաջնությունը վարկանիշ ունեցողներին է տրվել․ - «Այդ առումով, իհարկե, Հայ ազգային կոնգրեսով առաջադրված թեկնածություններն ավելի շատ են, ՀԺԿ-ականները ավելի քիչ են»:

Լևոն Զուրաբյանը չի թաքցնում, որ ցուցակը կազմելը դժվար էր․ մինչև հիմա մարդիկ իներցիայով հրաժարվում են, վախենում են հալածանքներից:

Բայց դաշինքի հավակնությունը յոթ տոկոսի շեմը հաղթահարելը չէ: Զուրաբյանի ձևակերպմամբ՝ երկրի կուրսի վրա ազդելն է․ - «Մեր նպատակը էն չի, որ մենք դեպուտատ աշխատենք պառլամենտում: Մեր նպատակը էն ա, որ մենք կարողանանք ազդենք երկրի զարգացման վրա, ձևավորենք ինչ-որ մի կուրս, ազդենք երկրի կուրսի վրա: Կա՛մ գանք իշխանության և մենք կառավարենք երկիրը, տանենք ճիշտ ուղղությամբ, կա՛մ ունենանք այնպիսի ազդեցություն պառլամենտում, որը թույլ կտա մեզ ազդել այդ կուրսի վրա»:

ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը բացառում է համագործակցությունը Հանրապետականի հետ․ - «Մեր հակասությունները շատ մեծ են: Մենք չենք ընդունում կոռուպցիան, չենք ընդունում Մարտի 1-ի չբացահայտված լինելը, չենք ընդունում հազար ու մի բան, ինչի մասին միշտ բացահայտ խոսել ենք և ասել ենք: Եվ այդ խնդիրները թույլ չեն տալիս, որ մենք երբևիցե գնանք Հանրապետական կուսակցության հետ դաշինքի: Մյուս քաղաքական ուժերի հետ․․․ եկեք հիմա չփորձենք կռահումներով զբաղվել»:

Կուսակցության վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսին առաջարկել էր «խիզախաբար» ընտրությունների գնալ՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է, Առաջին նախագահը չի պատկերացնում:

«Մեզ համար ավելի կարևոր է այն, ինչ որ մենք համարում ենք ճիշտ, ասելը, ներկայացնելը ժողովրդին ու փորձել մանդատ ստանալը, քան թե մտածել՝ իսկ եթե էս մի բանը չասենք, ստեղ մի քիչ խորամանկենք, մի քանի հազար ձայն ավել կստանանք, մի քանի տոկոս էլ ստեղ կպոկենք, սրա հետ էլ միավորվենք՝ մի չորս տոկոս էլ էստեղ կավելանա․․․ Էդ հաշվարկները մեզ համար երկրորդական են», - ասաց Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նաև մրցակիցներին․ - «Կարեն Կարապետյանն էլ է մի խորամանկություն, Վիգեն Սարգսյանն էլ է մի խորամանկություն: Կարճ ասած՝ չանելով ոչ մի բան, որ կարող է այս ստեղծված արատավոր քաղաքական, տնտեսական համակարգը առողջացնել, ոչ մի նման բան չանեն: Նրանք խոսում են միայն անունների փոփոխության մասին: Այդ փոփոխությունը իրականում ոչինչ չի տալիս: Բերում են Կարեն Կարապետյանին, ասում են՝ տեսեք, Կարեն Կարապետյանը էկել ա, սա նոր մարդ է․․․ Տասնութ տարի վարչապետ փոխած կուսակցությունը մեզ էլի ուզում ա համոզի, որ նոր մարդ ա էկել, հիմա ամեն ինչ լավ կլինի»:

Սեյրան Օհանյանին, Զուրաբյանի կարծիքով, պետք է ժողովուրդն ընդդիմադիր համարի․ - «Ես ընդհանրապես զարմանում եմ, որ հնարավոր է ասել, որ բանակը չի խառնվել Մարտի 1-ի գործերի մեջ: Բա 0032 հրամանը ինչ է, ամպի՞ց է ընկել․․․ Որտե՞ղ է գրվել, դրախտո՞ւմ, թե՞ դժոխքում․․․ Որտե՞ղ: Եթե ուզում է Օհանյանը ապացուցել, որ ինքը դրա հետ կապ չունի, թող ճշմարտությունը ասի: Թող ասի էդ փաստերը ո՞նց են բացատրվում»:

Գագիկ Ծառուկյանի վերադարձը, նրա խոսքով, չի խառնել ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքի խաղաքարտերը․ - «Ազգի ճակատագրի հետ չեն խաղում»:

XS
SM
MD
LG