Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ «Դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը»


ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համագումարում ներկայացրել է ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել է այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ինքն ու գլխավորած կուսակցությունը որևէ կապ չունեն։

Առաջին նախագահն «Ի լուր»՝ iLur.am կայքում այսօր հրապարակած հոդվածում մանրամասնել է, որ «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում իր պաշտոնավարման օրոք՝ 1997 թվականի փուլային տարբերակից, ու ներկայացրել դրա հիմնական հաջորդական քայլերը.

Առաջին փուլում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնելու Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի: Ապա ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվելու են խաղաղարար ուժեր․ Տեր-Պետրոսյանը, սակայն, չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ զորքերի մասին է խոսքը: Երրորդ փուլում, ըստ Հայաստանի առաջին նախագահի, հռչակվելու է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը, այնուհետև վերացվելու են Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումն ու վերականգնվելու են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը, հավանաբար նաև Թուրքիան՝ շեշտում է Տեր-Պետրոսյանը, կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները: Հետո նոր միայն սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը: Վերջին փուլում, ասում է Տեր-Պետրոսյանը, ըստ այժմ բանակցվող տարբերակի, Ադրբեջանին են վերադարձվելու մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։

Հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ 2007 թվականից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն՝ վերջին մեկ տարում, Հայաստանի իշխանությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ, բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։ «Այսինքն, ներկա պահին սա՛ է Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը», - ասում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը՝ ընդգծելով, որ բանակցվող այս տարբերակի լիակատար պատասխանատվությունը առաջին հերթին իշխանական Հանրապետականի ու Դաշնակցության, ապա նաև՝ Ազգային ժողովում նրանց հետ համերաշխորեն քվեարկող խմբակցությունների ու անհատ պատգամավորների ուսերին է։

«Հետևաբար ստացվում է, որ փոխզիջումը և տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ, և դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը», - գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ամփոփելով․ - «Ահա, թե ինչ է նշանակում՝ հայտնվել ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում»։

Միաժամանակ, սակայն, առաջին նախագահը վերահաստատում է, որ Հայ ազգային կոնգրեսը կողմ է այս ծրագրի անհապաղ կյանքի կոչմանը՝ չնայած, ինչպես Տեր-Պետրոսյանն է բնորոշում, այն չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները: «Ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, և հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը»,- այսօր հրապարակած հոդվածում կրկնել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ընդդիմադիր առաջնորդը արձագանքել է քննադատություններին իր՝ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է» արտահայտության շուրջ: Ի տարբերություն Ռուսաստանի, ասում է Տեր-Պետրոսյանը, Ղարաբաղի հարցը երբեք Արևմուտքի համար առաջնահերթություն չի եղել, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ Արևմուտքը չի արել։ Փոխարենը, առաջին նախագահը հիշեցնում է, որ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են «բացառապես Ռուսաստանի ջանքերով»։

Լևոն Տեր Պետրոսյանի խոսքով, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջև համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում: «Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարևանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է»,- թեման փակում է առաջին նախագահը:

Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՝ շատերին զայրացրել է, որ ինքն Իլհամ Ալիևին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ է համարել: «Դա վկայում է այն մասին, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ է նշանակում ռացիոնալ մտածողությունը», - հակադարձում է առաջին նախագահն ու բացատրում․ - «Այդ ունակությունն ամենևին կախված չէ մարդկանց դաստիարակությունից, կրթական մակարդակից կամ արժեհամակարգից։ Հասարակ, անգրագետ մարդիկ հաճախ շատ ավելի ռացիոնալ մտածողներ են, քան համալսարանավարտները»,- Ադրբեջանի նախագահին տված իր գնահատականը մեկնաբանում է Տեր-Պետրոսյանը՝ հասկացնելով, որ ռացիոնալ մտածողություն ասելով ընդամենը նկատի է ունեցել իրականությունը ճիշտ գնահատելու և երևույթների պատճառահետևանքային կապն ընկալելու ունակությունը:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) որոշ ներկայացուցիչներ տարակուսանք էին հայտնել Տեր-Պետրոսյանի ելույթի համար ընտրված ժամանակահատվածի կապակցությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, հարց էր ուղղել․ - «Արդյո՞ք պատեհ պահն է՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ընթացող դիվանագիտական գործընթացը բացառապես բանակցություն է բանակցությունները սկսելու մասին, խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, կարող է իրեն թույլ տալ: Արդյո՞ք պահն է՝ հարսանիքից առաջ որոշել թոռան անունը»:

«Հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի»,- այսօրվա հոդվածում պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես փաստարկ բերելով նաև այն, որ ղարաբաղյան հանգուցալուծումը 2013-ի սեպտեմբերի 3-ին Եվրասիական միությանն անդամակցելու պես շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի։ «Իրենց պարտականությունը մենք ենք կատարել, ու մի բան էլ մեզանից դժգոհում են», - Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մասին ասում է առաջին նախագահը:

Այդուհանդերձ, հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի անդրադառնում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքերին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային միայն մեկ տարբերակ գոյություն ունի, այն է՝ «Ադրբեջանն ինքը պիտի վերադարձնի դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի տարածքները, ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դիմի Ստեփանակերտին՝ միջպետական սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»:

XS
SM
MD
LG