Մատչելիության հղումներ

Վոլինկին․ Ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ զինված միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, մինչ ներկա պահը դեռևս չեն իրականացվել:

«Ավելին, անցած տարվա դեկտեմբերի 29-ին մարտական բախումներ տեղի ունեցան արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ զոհվեցին հայ զինծառայողներ, հարձակվող ադրբեջանցի զինվորներից մեկը սպանվեց Հայաստանի տարածքում», - ընդգծել է դեսպանը:

Նա նշել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն անցկացվեցին «2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում շփման գծում քառօրյա պատերազմից հետո, որը, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, հաջողվեց դադարեցնել Ռուսաստանի միջնորդական միջամտության շնորհիվ», և ԵԱՀԿ Մինսկի խմբի «համանախագահ երկրները մի շարք քայլեր ձեռնարկեցին իրավիճակի կարգավորման ուղղությամբ»:

Ռուսաստանը, ըստ Վոլինկինի, հանդես է գալիս «Անդրկովկաս խաղաղության և կայունության վերադարձի օգտին»: «Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, Մինսկի խմբի գործընկերների հետ համատեղ կշարունակենք ջանքեր գործադրել՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը», - հայտարարել է դեսպանը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ նա ասել է, որ այն «համալիր բնույթ ունի և զարգանում է մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հունով»:

Ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է արդյոք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Եվրամիության հետ «վնաս հասցնի ռուսաստանյան շահերին», ինչպես ժամանակին եղել է հետխորհրդային այլ երկրների դեպքում, և «բավարարվա՞ծ է արդյոք Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով Երևանի հետ կոորդինացմամբ», Իվան Վոլինկինը հայտարարել է. - «Ռուսաստանը և Հայաստանը կապում են դաշնակցային բնույթի հարաբերություններ, ռուս և հայ ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են: Մեր երկու երկրներն ընդգրկված են ինտեգրացիոն միավորումներում՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, որոնց առջև համապատասխանաբար կան դրանց մասնակիցների տնտեսական և քաղաքական պարտավորություններ: Ելնելով այդ պարտավորությունների գերակայությունից, բնականաբար, Եվրամիության հետ հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, և բոլորը դա հիանալի հասկանում են»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG