Մատչելիության հղումներ

Հայկական կողմը դիրքային կորուստներ և վիրավորներ չունի


Տավուշի սահմանամերձ դիրքերից մեկը, արխիվ

Տավուշի սահմանամերձ դիրքերից մեկը, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է ադրբեջանական կողմից սահմանի խախտման անհերքելի ապացույցների մասին և պնդում՝ «տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Այսօր վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայկական կողմն ունի 3 զոհ, հաղորդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Պետական սահմանին դիպուկահարների և նռնականետերի կիրառմամբ մարտերը շարունակվել են մինչև կեսօր, իրավիճակն այս պահին հանդարտ է։ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհհաննիսյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայաստանի պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ կատարած ադրբեջական զինուժն առնվազն 7 զինծառայող է կորցրել, դիակներից մեկը գտնվում է հայկական դիրքերում։ Ադրբեջանի պաշտպանության նախարությունը, մինչդեռ, հաղորդում է մեկ զոհի մասին: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հայկական կողմը վիրավորներ չունի։ Նախարարի խոսնակը նաև հերքում է տեղեկությունները, թե մարտի ընթացքում հայկական կողմը դիրքային կորուստ է ունեցել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ԱՊԱ-ի փոխանցմամբ, այսօր նաև հայտարարել է, թե «հայկական զինված ուժերի հետախուզական խումբն» է փորձել խախտել Արդբեջանի սահմանը, հայտնվել է ադրբեջանական ստորաբաժանումների դարանում և «ստիպված է եղել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ կրելով նահանջել»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարում է ադրբեջանական կողմից սահմանի խախտման անհերքելի ապացույցների մասին և պնդում՝ «Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Անցած գիշեր անհանգիստ է եղել նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ ԼՂ Պաշտպանության բանակի փոխանցմամբ, շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել:

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել։ «Մենք տարբերություն չենք դնում, դա տեղի է ունենում Տավուշում կամ մեզ մոտ․ նույն ագրեսիան է, նույն ահաբեկչությունն է ողջ հայության, այդ թվում՝ Արցախի նկատմամբ: Եվ նման ստոր քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա, հաշվի առնելով տոնական օրերին Ադրբեջանի կողմից նախկինում արձանագրված ակտիվությունը, առաջնագծում հսկողությունն ուժեղացվել է՝ «Միշտ նրանք այս տոնական օրերին յուրահատուկ ձևով են «շնորհավորում»: Դա սպասելի էր: Եվ չի բացառվում, որ նման քայլը լինի էսպես՝ շեղելու մի գործընթաց, որ այստեղ ևս պրովակացիա անեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG