Թրամփի վարչակազմի առաջին պաշտոնյան դարձավ Պենտագոնի ղեկավարը: Սենատը քիչ առաջ հաստատեց Ջեյմս Մատիսի թեկնածությունը ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում:
Աշխարհի առաջնորդները Թրամփի հետ համագործակցության հույս են հայտնում
Աշխարհի առաջնորդներ շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով Թրամփը հասկանում է ՆԱՏՕ-ի կարևորությունը, «չնայած արևմտյան բազմամյա ռազմական կառույցին ուղղված իր քննադատությանը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին շնորհավորելով Թրամփին՝ նշել է, որ ՆԱՏՕ-ի «հզորությունը նույնքան լավ է ԱՄՆ-ի համար, որքան Եվրոպայի»:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը լավատեսորեն են արտահայտվել Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանը պատրաստ է իր կողմից քայլեր անել Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու համար:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Թրամփը պետք է առաջնորդվի բարոյականության սկզբունքներով՝ միաժամանակ ԱՄՆ-ի նախագահին կոչ անելով իր պաշտոնավարման ընթացքում հոգ տանել աղքատների և անօթևանների մասին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին «Թվիթեր»-ում շնորհավորական գրառումներ են կատարել և Թրամփի վարչակազմի հետ համագործակցության հույս հայտնել:
ԱՄՆ 45-րդ նախագահը ժամանեց Սպիտակ տուն, որտեղից էլ կսկսի իր քառամյա պաշտոնավարումը:
«Վաշինգտոն Փոսթ»-ի մերձակայքում այրվել է լիմուզինը, որի պատուհաններն ավելի վաղ կոտրել էին Թրամփի դեմ դուրս եկած ցուցարարները:
"Մտմտում ենք՝ կպայթի՞ այն, թե՞ ոչ", - Թվիթերում գրել է պարբերականի լրագրողներից մեկը:
Վաշինգտոնում մեկնարկում է Թրամփի երդմնակալությանը նվիրված շքերթը:
Նորընծա առաջնորդին ուղեկցող ավտոշարասյունը քիչ առաջ կանգ առավ դեպի Սպիտակ տուն տանող ճանապարհին,և նախագահը՝տիկնոջ հետ, ավանդույթի համաձայն, ոտքով անցավ ճանապարհի մի հատվածը:
Դոնալդ Թրամփի պաշտոնամուտով Միացյալ Նահանգներում նոր պատմական ռեկորդ է սահմանվել: Այժմ երկրում միաժամանակ ապրում է վեց նախագահ. գործողը և 5 նախկին առաջնորդներ՝ Ջիմի Քարտերը (պաշտոնավարել է 1977–1981 թթ), Ջորջ Բուշ ավագը (1989–1993), Բիլլ Քլինթոնը(1993–2001), Բուշ կրտսերը (2001–2009) և Բարաք Օբաման (2009–2017):
Դոնալդ Թրամփը`տիկնոջ և փոխնախագահ Մայք Փենսի ընտանիքի հետ, հեռանում է Կապիտոլիումից, որտեղ երդվեց Ավետարանի վրա և նախագահի պաշտոնում առաջին ելույթն ունեցավ:
Այժմ ԱՄՆ 45-րդ նախագահը ուղևորվում է դեպի Սպիտակ տուն: Ճանապարհին նրան են սպասում ոչ միայն աջակիցները, այլև հազարավոր ընդդիմադիրներ, որոնք առավոտից ցույցեր են անցկացնում Վաշինգտոնում՝Թրամփի երդմնակալության դեմ:
Պաշտոնական ճաշկերույթի ժամանակ Թրամփը խնդրեց ներկաներին հոտնկայս ողջունել նախկին նախագահ Բիլ Քլինթոնին և նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Երդմնակալությունից հետո՝ իր առաջին ելույթում, սակայն, Թրամփը Քլինթոնին չէր հիշատակել՝շնորհակալություն հայտնելով միայն դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային և նրա տիկնոջը՝ Միշելին:
Ավարտվեց նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի պաշտոնամուտին նվիրված պաշտոնական ճաշկերույթը, որին ներկա էին բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ:
Նոր վարչակազմը հյուրերից ոչ միայն երախտիքի ու շնորհավորանքի խոսքեր է ստացել, այլև նվերներ, այդ թվում՝ մեծ լուսանկար երդմնակալության արարողությունից, ԱՄՆ դրոշ և բյուրեղապակյա ծաղկամաններ Սլովենիայից՝ առաջին տիկին Մելանիա Թրամփի հայրենիքից:
«Ազատության» Վաշինգտոնի թղթակիցը նոր տեսանյութ է ուղարկել՝ Թրամփի դեմ շարունակվող բողոքի ցույցերից: