Փոխնախագահ Փենսի երդմնակալությունից առաջ ելույթ է ունենում սենատոր դեմոկրատ Չաք Շումերը՝ընդգծելով ամերիկյան արժեքներին հավատարիմ մնալու, միասնական լինելու կարևորությունը:
«Մենք կրկին իշխանության խաղաղ փոխանցման ականատես ենք, և ամեն օր պայքարելու ենք մեր Սահմանադրության հիմնարար սկզբունքների և այն արժաքների համար, որ Ամերիկան դարձնում են Ամերիկա»,-հայտարարեց նա:
Ընտրյալ նախագահի խորհրդականների խոսքով, երդմնակալությունից հետո՝ առաջին ելույթում, Դոնալդ Թրամփը կներկայացնի երկրի զարգացման իր տեսլականը, կպատմի՝ ինչ է անելու «Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար»:
Հաղորդվում է, որ Թրամփն անձամբ է հեղինակել ելույթը, որը կշարունակվի մոտ 30 րոպե:
Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ հանրությանը ողջունելու՝ շնորհակալություն հայտնելով աջակիցներին և բթամատով ցույց տալով՝ ամեն ինչ լավ է:
Ահա այն տեքստը, որ քիչ անց Դոնալդ Թրամփը կարտասանի՝ձախ ձեռքը դնելով Ավետարանի վրա, որով երդվել է դեռ Աբրահամ Լինքոլնը:
«Ես հանդիսավորությամբ երդվում եմ, որ հավատարմորեն իրականացնելու եմ նախագահի պարտականությունները և իմ ամբողջ կարողություններով լավագույնս պահպանելու եմ, նեցուկ եմ կանգնելու և պաշտպանելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Թրամփի ցուցարարների դեմ, երբ վերջիններս քարեր են նետել, պատուհաններ կոտրել Սպիտակ տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ազատության թղթակիցը Վաշինգտոնից հաղորդում է՝առնվազն երկու մարդ ձերբակալվել է:
Մինչ հարյուր հազարավոր աջակիցներ ու բարձրաստիճան հյուրեր ժամանել են հանդիսավոր արարողությանը, ընդդիմադիրները բողոքի ցույց են անցկացնում մերձակա թաղամասերում, որտեղ հազարավոր ոստիկաններ են տեղակայված:
Նախագահներ Օբաման և Թրամփը, ինչպես նաև փոխնախագահներ Բայդենն ու Փենսը, արդեն ժամանել են Կապիտոլիում:
Դրսում նրանց են սպասում Թրամփի ընտանիքի անդամները, բարձրաստիճան հյուրեր ու ընտրյալ նախագահի հազարավոր աջակիցներ:
Ահա այս աստիճաններով է Դոնալդ Թրամփը գնալու դեպի Կապիտոլիումի Արևմտյան պատշգամբ՝ նախագահի հանդիսավոր երդումն արտասանելու համար:
Թրամփը և Օբաման ավարտեցին հանդիպումը Սպիտակ տանը, և այժմ նախագահական լիմուզինով ուղևորվում են Կապիտոլիում, որտեղ քիչ անց կմեկնարկի նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը:
Նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն ու նրա տիկինը՝ Հիլարին, ով նոյեմբերին պարտվեց նախագահական ընտրություններում, քիչ առաջ ժամանեցին՝ միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու համար:
Երդմնակալությունից օրեր առաջ անցկացված մի շարք հարցումներ վկայում են, որ Դոնալդ Թրամփը լինելու է ամենացածր վարկանիշով Սպիտակ տուն մտնող նախագահը ԱՄՆ նորագույն պատմության մեջ: Ըստ այդ հաղորդումների, ընտրյալ նախագահի քաղաքականությանը այժմ հավանություն է տալիս ամերիկացիների 40-44 տոկոսը:
Ինքը՝Դոնալդ Թրամփը, կասկածի տակ է դրել այս հարցումների հավաստիությունը՝հիշեցնելով՝ ժամանակին էլ դրանք միաձայն պնդում էին, թե հաղթելու է իր մրցակից Հիլարի Քլինթոնը: