Ամերիկյան ներքաղաքական կյանքը լուսաբանող լրագրողները պնդում են՝ երդմնակալության արարողությունը մարդաշատ չէ: MSNBC-ի քաղաքական լրագրող Քրիստոֆեր Հեյսը Twitter-ում գրել է. - «Ես 2000 թվականից մասնակցում եմ պաշտոնամուտի արարողություններին, այս մեկը տարօրինակ դատարկ է»:
Նախագահ Բարաք Օբաման և նրա տիկինը՝Միշելը, ներկայացրել են իրենց ապագա հիմնադրամի կայքը, որը գործելու է Չիկագոյում: Հենց այստեղից է տարիներ առաջ իր քաղաքական կարիերան սկսել ԱՄՆ առաջին աֆրոամերիացի նախագահը, և հենց Չիկագոյից էլ նա վերջին ուղերձը հղեց ԱՄՆ ժողովրդին:
Օբաման պնդում է՝ իր հիմնադրամը լինելու է ավելին, քան լոկ թանգարան, այն «ապրող և կենսունակ կենտրոն է լինելու քաղաքացիների համար՝ ջանքեր գործադրելով ոչ միայն Նահանգների, այլև ողջ աշխարհի համար»:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը՝ տիկնոջ ՝Լաուրայի հետ, քիչ առաջ ժամանեցին՝մասնակցելու նորընտիր հանրապետական նախագահի պաշտոնամուտին:
Սպիտակ տնից հեռանալուց առաջ ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահը՝Բարաք Օբաման, ուղերձ է հղել ամերիկացիներին Twitter-ով:
«Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել ձեզ, դուք ինձ դարձրեցիք ավելի լավ առաջնորդ ու ավելի լավ մարդ»:
Մի քանի ժամից մեկնարկող հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Վաշինգտոնի կենտրոն են ժամանում աշխարհի բազմաթիվ նախկին առաջնորդներ ու բարձրաստիճան հյուրեր:
Պաշտոնավարումն ավարտող նախագահ Բարաք Օբաման ու այսօրվանից պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփը՝ կանանց հետ, լուսանկարվել են Սպիտակ տանը՝ երդմնակալության հիմնական միջոցառումներից առաջ:
Ցուցարարները փորձում են խոչընդոտել հանդիսավոր արարողությունները՝արգելափակելով դեպի Վաշինգտոնի կենտրոն տանող ճանապարհները: Առայժմ, սակայն, Թրամփի ընդդիմախոսների այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվում:
Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով
Պաշտոնավարումն ավարտող Բարաք Օբաման Սպիտակ տանը քիչ առաջ դիմավորել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին ու փոխնախագահ Մայք Փենսին՝ նրանց կանանց հետ: Ֆրանսպրեսի վերջին լուսանկարներում երևում է՝ինչպես է Օբաման դուրս գալիս Օվալաձև սրահից՝ ավանդույթի համաձայն իր հաջորդի համար անձնական նամակ թողնելով նախագահական գրասեղանին:
Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը միասին թեյել էին՝մինչ կմեկնարկեին պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունները:
Սպիտակ տան նախասրահներից ու պատերից հանվել են նախագահ Օբամայի լուսանկարները՝ դատարկ շրջանակները թողնելով այսօր պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփին:
Ռոյթերզը՝ Վաշինգտոնյան այսօրվա միջոցառումների մասին
Սպիտակ տան ու Կապիտոլիումի մերձակայքում անվտանգության առավել խիստ միջոցներ են ձեռնարկվել, հետիոտների ճանապարհները ժամանակավորապես փակվել են: Վաշինգտոնի՝մոտ ութ քառակուսի կիլոմետրանոց կենտրոնը վերահսկելու համար աշխատում է 28 հազար ոստիկան: