Մատչելիության հղումներ

Անդրեյ Կարլովի սպանության գործով վեց անձ է ձերբակալվել


Ժամանակակից արվեստի թանգարանը Անկարայում, որտեղ սպանվել է Անդրեյ Կարլովը:

«Այս ստոր հարձակումը իրականացնողները չեն կարող փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները», - այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` խոսելով երեկ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության մասին:

Դեպքից հետո Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը միաբերան հայտարարեց, թե այս գործողության նպատակն է խափանել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռուս դիվանագետի նկատմամբ իրականացված հարձակումը սադրանք որակեց` հայտարարելով, թե թույլ չեն տա, որպեսզի տուժեն երկկողմ հարաբերությունները:

Անկարան վստահեցնում է, որ ամեն ինչ արվելու է դեպքի համակողմանի ուսումնասիրության և պատասխանատուների հայտնաբերման ուղղությամբ:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո սկսված հետաքննության շրջանակներում, «Հյուրիթ»-ի փոխանցմամբ, վեց մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հանցագործությունն իրականացրած Մևլութ Մերթ Ալթընթաշի ծնողները, քույրը, երկու մորեղբայրները:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ Կարլովին սպանած անձը՝ 1994 թվականին ծվնած Մևլութ Մերթ Ալթընթաշը արդեն երկու տարուց ավելի ծառայում էր Անկարայի հատուկ ոստիկանական ուժերում, և Ժամանակակից արվեստի թանգարան մուտք էր գործել ոստիկանական վկայականով:

Հայտնի է, որ թուրքական իրավապահ մարմիններն այսօր խուզարկել են Անկարայում Ալթընթաշի բնակարանը:

Ինչպես երեկ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, Անդրեյ Կարլովի սպանությունը քննելու է ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովը: «Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ 18 հոգուց բաղկացած ռուսաստանյան պատվիրակությունը արդեն Անկարայում է և սկսել է աշխատել տեղի համապատասխան մարմինների հետ:

Թուրքական դատախազության եզրակացության համաձայն` Ալթընթաշը դեսպանի ուղղությամբ 11 անգամ է կրակել, որից 9-ը հասել է նպատակին:

Երեկ երեկոյան Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարանում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո ուժեղացվել են Թուրքիայում գտնվող մի շարք օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունը: «Հյուրիեթը» հաղորդում է, որ այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներում փակ են լինելու Միացյալ Նահանգների և Իրանի հյուպատոսարանները:

Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է իր աշխատանքը: Փողոցը, որտեղ տեղակայված է Ռուսատանի դիվանագիտական ներկայացուցչությունը, այսուհետ կկոչվի դեսպան Կարլովի անունով:

XS
SM
MD
LG