Մատչելիության հղումներ

Մոսկվան ռուս-թուրքական մերձեցման դեմ ուղղված «սադրանք» է որակում դեսպան Կարլովի սպանությունը


Լավրովը և Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը ծաղիկներ են դրել դեսպան Կարլովի լուսանկարի առջև

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները երեկվա աննախադեպ միջադեպից հետո չեն փակվել: Պարզապես ուժեղացվել է դրանց հսկողությունը։ Անկարա են մեկնել նաև ռուսաստանյան իրավապահ մարմինների ներկայացուցիչներ՝ հետաքննելու կատարվածն ու պարզելու, թե ով է կանգնած սպանության հետևում։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են խանգարել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան մյուս պաշտոնյաների արձագանքները ևս այս տրամաբանության մեջ են։ Այսօր առավոտյան Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլուտ Չավուշօղլուի հանդիպումը: Մինչ բանակցությունների մեկնարկը, ռուս և թուրք դիվանագետները Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը ծաղիկներ են դրել Թուրքիայում սպանված դեսպան Անդրեյ Կարլովի լուսանկարի առջև։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները երեկվա աննախադեպ միջադեպից հետո չեն փակվել, պարզապես ուժեղացվել է դրանց հսկողությունը։ Արդեն Անկարա են մեկնել ռուսաստանյան իրավապահ մարմինների ներկայացուցիչները․ նրանք իրենց թուրք գործընկերների հետ պետք է հետաքննեն կատարվածն ու պարզեն, թե ով է կանգնած սպանության հետևում։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որը Մոսկվա էր մեկնել դեռ անցած գիշեր, հայտարարել է՝ Անկարան ամեն ինչ կանի հանցագործության բոլոր մանրամասները պարզելու համար։ Ակնհայտ է՝ թե՛ Մոկսվան, թե՛ Անկարան շատ հրատապ քայլեր ձեռնարկեցին ու շարունակում են ձեռնարկել՝ որպեսզի այս աննախադոպ հանցագործությունը բացասականորեն չազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա և Մոսկվայի ու Անկարայի միջև նոր հակամարտության պատճառ չդառնա։

«Մենք արդեն որոշում ենք կայացրել, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ ինձ հեռախոսով տեղեկացրել է, որ պարոն Կարլովի հիշատակին նրա անունով կկոչենք այն փողոցը, որտեղ տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը»,- ասել է Չավուշօղլուն:

Ռուս դեսպանի սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում Սիրիայի հարցով այսօր կայանալիք եռակողմ հանդիպմանը, որին պետք է մասնակցեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ չնայած Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությանը, եռակողմ հանդիպումը կկայանա։

«Մենք վստահ ենք, որ նրանք, ովքեր կազմակերպել են այդ բարբարոսական հանցագործությունը, նպատակ են ունեցել խափանել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- հայտարարել է Լավրովը՝ կրկնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։ «Կատարված հանցագործությունը սադրանք է, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների և սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացների տապալմանը», - ավելի վաղ ասել էր Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG