Մատչելիության հղումներ

Պուտինը սադրանք է որակել Անկարայում դեսպանի սպանությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը սադրանք է որակել։

«Տեղեկություն ենք ստացել, որ Թուրքիայում ստորաբար սպանել են մեր դեսպանին։ Կատարված հանցագործությունը սադրանք է, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման և սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացների տապալմանը», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Կարլովի սպանությունից մի քանի ժամ անց Պուտինին է զանգել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շտապել է հայտարարել, որ դեկտեմբերի 20-ին կմեկնի Մոսկվա ինչպես և նախատեսված էր։

Մոսկվայում այսօր նախատեսված է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը մահացել է Անկարայի պատկերասրահներից մեկում ահաբեկչի կողմից արձակած կրակոցներից։ Պատկերասրահում դեսպանը մասնակցում էր Ռուսաստանը թուրքերի աչքերով ցուցահանդեսի բացմանը։

Հարձակվողի ինքնությունն արդեն հայտնի է, նա Իզմիրի ոստիկանական ակադեմիայի շրջանավարտ 22-ամյա Մևլութ Ալթինթասն է։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Ալթինթասին թուրքիայի իրավապահ մարմինները վնասազերծել են։

Համացանցում է հայտնվել սպանության տեսագրությունը, որտեղ հարձակվողը արաբերեն լեզվով բղավում է «Ալահ Ակբար», հետո անցնում թուրքերենի և հավելում, որ սա Հալեպում ռուսների գործողությունների պատասխանն է։

Ովքե՞ր են կանգնած այս միջադեպի հետևում, դեռ հայտնի չէ։ Նաև հայտնի չէ, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս միջադեպը ռուս-թուրքական մի քանի ամիս առաջ վերականգնված հարաբերությունների վրա։

Պաշտոնական Մոսկվան զուսպ է։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատարվածը ահաբեկչություն է որակել։

Հավելենք, որ պատկերասրահում ևս երեք մարդ է վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG