Մատչելիության հղումներ

Ինջիրլիք այցելող գերմանացի օրենսդիրները վերահաստատել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում


Թուրքիա - Գերմանական ՌՕՈւ «Տորնադո» ինքնաթիռները Ինջիրլիք ռազմակայանում, հունվար, 2016թ․
Թուրքիա - Գերմանական ՌՕՈւ «Տորնադո» ինքնաթիռները Ինջիրլիք ռազմակայանում, հունվար, 2016թ․

Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա այցելելուց առաջ գերմանացի խորհրդարանականները վերահաստատել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը, Անկարայում Գերմանիայի դեսպանատանը ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է` Դաշնային խորհրդարանը օրինական իրավունք ունի տեսակետ հայտնելու 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Լամերսը շեշտել է, որ ցեղասպանության հարցը չպետք է օգտագործվի իբրև քաղաքական գործիք: «Թուրքիան պաշտպանում է այն տեսակետը, թե հարցը պետք է ուսումնասիրվի պատմաբանների կողմից: Մենք էլ որպես հավելում նշում ենք, որ խորհրդարանները ևս այս հարցում խոսքի իրավունք ունեն», - հայտարարել է գերմանացի պատգամավորը:

Վերջինս Թուրքիա մեկնելուց առաջ գերմանական Zeit Online պարբերականի հետ զրույցում կրկնել էր գերմանացի պաշտոնյաների ավելի վաղ հնչեցրած տեսակետը, թե Բունդեսթագի որոշումը իրավական պարտադիր ուժ չունի: Միևնույն ժամանակ, Լամերսը նշել էր, որ Դաշնային խորհրդարանը իրավունք ունի տեսակետ հայտնել բոլոր կարևոր հարցերում և իր որոշման հետևում է կանգնած:

Լամերսի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են 7 պատգամավորներ 4 կուսակցություններից, առաջիկա 3 օրվա ընթացքում կլինի Ադանայում տեղակայված Ինջիրլիք ռազմաբազայում, որտեղ Գերմանիան «Տորնադո» տիպի 6 հետախուզական ինքնաթիռ, վառելիքով վերալիցքավորող մեկ օդանավ և շուրջ 250 զինծառայող ունի, որոնց միջոցով օժանդակում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, խորհրդարանականների այցը մամուլի համար փակ է ընթանալու: Այցի արդյունքում Դաշնային խորհրդարանը կորոշի Թուրքիայում իր զինվորների ծառայության երկարաձգման հարցը:

Գերմանական պատվիրակության ղեկավար Կարլ Լամերսը, կարևորելով իրենց այցը, նշել է, որ այն երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին է խոսում:

Հիշեցնենք, պաշտոնական Անկարան, վրդովված Բունդեսթագում հուլիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը Ինջիրլիք ռազմաբազա` Գերմանիայի կառավարությունից պահանջելով հրաժարվել Բունդեսթագի որոշումից և հստակ հայտարարել այն չսատարելու մասին: Գերմանական կողմը մերժել էր այդ պահանջները` պնդելով, որ Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձևը ոչ մի կապ չունի գերմանացի պատգամավորների Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ:

Սեպտեմբերի սկզբին Չինաստանում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպումից հետո թուրքական կողմը մեղմեց իր դիրքորոշում` ի վերջո թույլատրելով գերմանացի խորհրդարանականների այցը Ինջիրլիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG