Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայի Բունդեսթագը այսօր գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ 1915- ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևին դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր, արձանագրվեց նաև մեկ ձեռնպահ քվե:

Քվեարկությունից առաջ խորհրդարանական բոլոր ուժերը կրկին պաշտպանեցին իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կանաչների համատեղ այս նախաձեռնությունը՝ ընդգծելով՝ իրենց նպատակն է ոչ թե մեղադրյալի աթոռին նստեցնել Թուրքիային, այլ ուղերձ հղել, որ պետք է հաշտվել, և դա հնարավոր է միայն սեփական անցյալի հետ առերեսվելու դեպքում:

«Ցեղասպանությունից 101 տարի անց կարծում եմ ժամանակն է, որ Գերմանիան՝ որպես երկիր, որը, ցավոք, Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ընդունի՝ ինչ է կատարվել և պատասխանատվություն ստանձնի, ինչը ազդակ կլինի նաև Թուրքիայի համար՝ նոր հայացքով նայելու փաստերին», - հայտարարեց փաստաթուղթն առաջ տանող ուժերից մեկի՝ կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը՝ կոչ անելով գործընկերներին չընկրկել պաշտոնական Անկարայից հնչող սպառնալիքների առջև:

«Բունդեսթագի պատգամավորներին ոչինչ չի սպառնում իրենց կարծիքը արտահայտելու համար, մինչդեռ Թուրքիայում վտանգի տակ են բոլոր նրանք, ովքեր աջակցում են հայ-թուրքական հաշտեցմանը: Հայ բառը միշտ, այսօր էլ Թուրքիայում հայհոյանք է: Երբեմն ես էլ եմ արժանանում այդ հայհոյանքին, ինչպես իմ ընկեր Հրանտ Դինքը, որ սպանվեց», - ասել է Օզդեմիրը:

Վերլուծաբանները փաստում էին, որ դեռևս անցած տարվանից շրջանառվող փաստաթուղթը քվեարկության է դրվում բավական զգայուն մի փուլում, երբ Գերմանիան ու ողջ Եվրամիությունը Թուրքիայի աջակցության կարիքն ունեն ապօրինի միգրանտների հոսքը դադարեցնելու հարցում: Չնայած դրան ու Անկարայից հնչող սպառնալիքներին՝ այսօր ելույթ ունեցած բոլոր պատգամավորները փաստեցին՝ Գերմանիան մեկ դար առաջ աչք փակեց ոճրագործության առջև, այսօր նման բան անելու իրավունք չունի. - «Սա մեղադրանք չէ՝ Թուրքիային, սա խոնարհում է զոհերի հիշատակի առջև, որոնք այդպես էլ հնարավորություն չունեցան այս քննարկմանը ներկա լինելու: Մենք այն ժամանակ՝ լինելով Թուրքիայի դաշնակիցը, լռել ենք, սակայն այսօր պետք է հստակ բառերով նկարագրենք կատարվածը, ցեղասպանությունը կոչենք ցեղասպանություն: Այս հստակությանը զոհերն ու նրանց ժառանգները շատ երկար են սպասել», - հայտարարեց իշխող կոալիցիայի անդամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դիտմար Նիտան:

Ցեղասպանության հարյուրամյակի խորհրդանիշ անմոռուկով ամբիոնին մոտեցած պատգամավոր Ալբերտ Վայները անգամ հայերեն սկսեց ելույթը՝ «սիրելի հայեր»: Խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտն էլ ընդգծեց՝ Բունդեսթագի պատգամավորները անցած օրերին բազմաթիվ սպառնալիքներ են ստացել, սակայն որևէ բան չի կարող ճնշել խոսքի ազատությունը Գերմանիայում:

Թուրքիայի կառավարության խոսնակը քվեարկությունից անմիջապես հետո առոչինչ որակեց բանաձևերը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրա ընդունումը «պատմական սխալ էր» Գերմանիայի խորհրդարանի կողմից:

Բանաձևի ընդունման մասին խոսել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պնդելով, թե չնայած որոշ հարցերում ունեցած տարաձայնություններին՝ Գերմանիան ուզում է պահպանել ռազմավարական կապերը Թուրքիայի հետ:

«Մենք նաև աջակցում ենք հայ-թուրքական հաշտեցմանը և ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ», - ասել է Գերմանիայի կանցլերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG