Մատչելիության հղումներ

Թուրքիան գերմանացի խորհրդարանականններին թույլատրել է այցելել Ինջիրլիքի ռազմաբազա


Թուրքիայի կառավարությունը գերմանացի խորհրդականներին ի վերջո թույլատրել է այցելել Ադանայում տեղակայված Ինջիրլիք ռազմաբազա։

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով գերմանական DPA գործակալությանը, հաղորդում են, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 4-ին կարող են այցելել Ինջիրլիք ռազմաբազա։

«Ֆրանսպրեսի» հաղորդմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ողջունելով թուրքական իշխանությունների որոշումը, այն որակել է որպես առաջընթաց երկկողմ հարաբերություններում։ Ավելի վաղ Շտայնմայերը հայտարարել էր, որ Բունդեսգաթի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ոչ մի կապ չունի գերմանացի պատգամավորների՝ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ: Հունիսին հենց այս բանաձևի ընդունումից հետ Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորների մուտքը ռազմաբազա։

Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ ամիսներ տևած լարվածությունը թուլացավ այս շաբաթ երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքում։ Չինաստանում կայացած Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում Մերկել-Էրդողան հանդիպումից հետո Գերմանիայի կանցլերը ասել էր, թե լիահույս է, որ Թուրքիան շուտով կթույլատրի գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք:

Ավելի վաղ էլ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի, ինչն էլ, ըստ երևույթին մեղմացրել էր պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, թեև միևնույն ժամանակ շեշտվել էր, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտպանում է բանաձևը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին գերմանական Welt թերթի հետ զրույցում ակնարկել էր. - «Եթե Գերմանիան հավատարիմ մնա իր այս դիրքորոշմանը, ապա կարող ենք թույլատրել այցը»։

Ինջիրլիք ռազմակայանում Գերմանիան «Տորնադո» տիպի 6 հետախուզական ինքնաթիռ, վառելիքով վերալիցքավորող մեկ օդանավ և շուրջ 250 զինծառայող ունի, որոնց միջոցով օժանդակում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին։ Շաբաթվա սկզբին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախատեսում է 58 մլն եվրոյի ներդրում անել ռազմաբազայում։

XS
SM
MD
LG