Մատչելիության հղումներ

Թուրքիան արգելում է գերմանական պատվիրակությանը մուտք գործել Ինջիրլիքի ռազմակայան


Թուրքիա - Գերմանական զինված ուժերի Tornado օդանավը թռիչք է կատարում Ինջիրլիքի ռազմակայանից, արխիվ

Թուրքիա - Գերմանական զինված ուժերի Tornado օդանավը թռիչք է կատարում Ինջիրլիքի ռազմակայանից, արխիվ

Գերմանական մամուլը հստակ կապ է նշմարում Բունդեսթագի ընդունած Ցեղասպանության բանաձևի և Թուրքիայի գործողությունների միջև:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումից ուղիղ 20 օր անց, Թուրքիան վերջապես սկսում է կիրառել այն հակաքայլերը, որոնց մասին պաշտոնական Անկարան ակտիվորեն խոսում էր դեռ շաբաթներ առաջ:

Թուրքական իշխանությունների առաջին հարվածի թիրախը Բեռլինի հետ ռազմական համագործակցությունն է: Գերմանական հեղինակավոր Spiegel հանդեսի տեղեկություններով՝ Թուրքիան արգելել է Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից և Դաշնային խորհրդարանի պատգամավորներից կազմված միասնական պատվիրակության` հուլիսին նախատեսված այցը Ինջիրլիքի ռազմաօդային բազա:

Հյուսիսատլանտյան դաշինքի` Ադանայից ոչ հեռու գտնվող այս ռազմակայանում է տեղակայված 250-հոգանոց գերմանական զորախումբը, ինչպես նաև Գերմանիայի ռազմաօդային ուժերի կազմում գործող Tornado մակնիշի թվով վեց հետախուզական օդանավ:

Հենց գերմանական զորախմբում տիրող կացությանը ծանոթանալու նպատակով էր Գերմանիայի պաշտպանության փոխնախարար Ռալֆ Բրաուքզիպեի ղեկավարած պատվիրակությունը ցանկանում հաջորդ ամիս ժամանել Թուրքիա: Պաշտոնական Անկարան, սակայն, պնդում է, որ նման կազմ ունեցող պատվիրակության ժամանումը Ինջիրլիք չի նպաստի ռազմաբազայի բնականոն գործունեությանը:

«Քաղաքական գործիչների ներկայությունը Ինջիրլիքում, մեր համոզմամբ, տեղին չէ: Դրա հետ մեկտեղ, Սիրիայում և Իրաքում գործող կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր պետությունների ռազմական և տեխնիկական պատվիրակությունները կարող են ազատորեն ժամանել այս ռազմակայան», - այսօր Անկարայում Մալթայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յենս Ֆլոսդորֆը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ թուրքական իշխանություններն իրենց գերմանացի գործընկերներին որևէ հստակ բացատրություն չեն ներկայացրել սահմանված արգելքի պատճառների մասին: Միաժամանակ, Ֆլոսդորֆը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունը Անկարայի այս քայլը ընկալում է որպես պատասխան Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:

Ի տարբերություն գերմանական գերատեսչությունների, սակայն, տեղական մամուլը Ցեղասպանության բանաձևի և Թուրքիայի գործողությունների միջև կապը հստակորեն նշմարում է: Այսօր լույս տեսած գերմանական բոլոր առաջատար թերթերը անդրադարձել են Թուրքիայի հետ ծագած հերթական դիվանագիտական սկանդալին` վերնագրերում կամ հրապարակումների առաջին իսկ տողերում մատնանշելով Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին ընդունված ցեղասպանության բանաձևի և Անկարայի վերջին գործողությունների ուղղակի կապը:

Գերմանական պատվիրակության չհաջողված այցին անդրադառնում են նաև Բունդեսթագի պատգամավորները: Խորհրդարանի ստորին պալատում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ներկայացնող Ֆլորիան Հանը Թվիթերի իր էջում գրել է․ - «Տեղի ունեցածից հետո հարկավոր է մտածել գերմանական զորախմբի տեղակայման այլընտրանքային վայրի ընտրության մասին»: Պատգամավորն առաջարկում է գերմանացի զինվորականներին տեղակայել Հորդանանի տարածքում:

Կանաչների կուսակցության անդամ, տնտեսագետ Թոբիաս Լինդներն էլ կոչ է արել դադարեցնել գերմանական բյուջեից Ինջիրլիքի ռազմակայանի տարածքում իրականացվող արդիականացման աշխատանքների ֆինանսավորումը: «Գործընկեր պետության հետ նման կերպ վարվողը գերմանացի հարկատուների միլիոնները ստանալու ակնկալիք չպետք է ունենա», - ընդգծել է Բունդեսթագի պատգամավորը:

XS
SM
MD
LG