Միացյալ Նահանգների Կոնգրեսն այսօր կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տիրող կացությունը: Քննարկումները կընթանան այսպես կոչված Լանթոսի հանձնաժողովում․ դա ամերիկյան Կոնգրեսում գործող հատուկ կառույց է, որը հետևում է աշխարհի տարբեր պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին:
«2014 թվականից ի վեր Ադրբեջանի իշխանությունները` Իլհամ Ալիևի գլխավորությամբ, սաստկացրել են ճնշումները այլախոհների, լրագրողների, քաղաքական ընդդիմության, կրոնական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ», - նշված է հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի և մի շարք ամերիկյան ծագում ունեցող հասարակական կազմակերպությունների գործունեությունը երկրում դադարեցվել է: «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայիլովան մոտ մեկուկես տարի անցկացրեց բանտում շինծու մեղադրանքների հիման վրա և ազատ արձակվեց միայն արտերկրում հնչող բողոքների արդյունքում: [Քաղաքական պատճառներով] ձերբակալվածներից շուրջ 100 հոգի շարունակում է գտնվել ճաղերի ետևում, թեև ճշգրիտ թվաքանակը հստակեցնել հնարավոր չէ», - նշված է Լանթոսի հանձնաժողովի հայտարարության մեջ:
Այսօր Կապիտոլիումում կազմակերպված քննարկումներին կոնգրեսականներից բացի մասնակցելու են նաև Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի որդին` Թուրքել Քերիմլին:
Լսումների կազմակերպիչների կողմից հիշատակված Խադիջա Իսմայիլովան ևս կմասնակցի Լանթոսի հանձնաժողովի այսօրվա նիստին, բայց հեռակա կարգով` հեռուստակամուրջի միջոցով: Բանն այն է, որ թեև Իսմայիլովան ազատության մեջ է, այնուհանդերձ, ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում են նրա ազատ տեղաշարժին, և նախկին քաղբանտարկյալը չի կարող հատել երկրի սահմանը:
Ադրբեջանական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօրվա լսումները կարևորում են նաև այն պատճառով, որ Լանթոսի հանձնաժողովի համանախագահներից մեկը` Ջեյմս ՄըքԳովերնը ևս վերջերս միացել է Կապիտոլիումում շրջանառվող «Ժողովրդավարություն Ադրբեջանի համար» կոչվող բանաձևի հեղինակների թվին: Այս օրինագծով նախատեսվում է անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հանդեպ` մարդու իրավունքների շարունակական խախտումների համար: