Մատչելիության հղումներ

logo-print

Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ ԱՄՆ Կոնգրեսում


ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը Բաքվում, հունիս, 2014թ․

ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը Բաքվում, հունիս, 2014թ․

Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի նկատմամբ: Օրենսդրական նման նախաձեռնությամբ է հանդես եկել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Քրիս Սմիթը:

Կոնգրեսականը մասնավորապես առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների «սարսափելի» ոտնահարումների հետ:

«Մենք ընդունում ենք, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի կապերը կարևոր են ազգային անվտանգության և մեր երկրների միջև տնտեսական համագործակցության համար, բայց Միացյալ Նահանգները այլևս չի կարող աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների վրա», - երեկ հայտարարել է Քրիս Սմիթը Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նվիրված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հաշվեհարդարին:

«2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերտառությամբ 14 էջից բաղկացած օրինագիծը նախօրեին ներկայացվել է ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Փաստաթղթում առաջարկվել են գրեթե նույն պատժամիջոցները, որոնք ժամանակին սահմանվել են Բելառուսի նկատմամբ:

Օրինագիծը փաստում է, որ 2015-ին Բաքվի իշխանությունները ճաղերի ետևում փակել են տասնյակ լրագրողների և իրավապաշտպանների՝ մեղադրելով հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, խուլիգանության մեջ:

Նախագծի հեղինակը նշում է, որ Կոնգրեսի կողմից փաստաթուղթը հաստատվելու դեպքում «Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները անմիջապես կզրկվեն Ամերիկա մուտքի թույլտվությունից»: Խոսքը մասնավորապես այն պաշտոնյաների մասին է, ովքեր մասնակցել են լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր ու կրոնական խմբերի ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին:

Փաստաթուղթն առաջարկում է նաև վերանայել Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը, կոչ անում արգելափակել ադրբեջանցի պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող ամերիկյան ակտիվները:

Անթույլատրելի է, երբ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները կարողանում են ազատ ելումուտ անել Միացյալ Նահանգներ այն դեպքում, երբ համարձակ կանայք և տղամարդիկ, ինչպիսին լրագրող Խադիջա Իսմայիլովան է, փաստաբան Ինտիգամ Ալիևը, ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը և ակտիվիստ Անար Մամեդլին, գտնվում են բանտում՝ զրկված իրավական, անգամ՝ բժշկական օգնությունից, իր ելույթում նաև հայտարարել է օրինագծի հեղինակ կոնգրեսական Սմիթը:

Պաշտոնական Բաքվի պատասխանը չուշացավ: «Քրիս Սմիթը միշտ էլ առանձնանում էր իր հայամետ դիրքորոշմամբ՝ գտնվելով Ամերիկայում հայկական լոբբիի ազդեցության տակ», - Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը: Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, թե կասկած չկա, որ փաստաթղթի նախագիծը, որում յուրաքանչյուր բառ և արտահայտություն ուղղված է Ադրբեջանի դեմ, պատրաստվել է ամերիկյան Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին՝ հայկական լոբբիի մասնակցությամբ: «Նման կողմնակալությունը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանում Միացյալ Նահանգների հեղինակության վրա»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը:

Ի դեպ, Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով պաշտոնական հետաքննություն սկսելու մասին է հայտարարել Եվրոպայի խորհուրդը՝ պարզելու, թե որքանով են Ադրբեջանում պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները։ Խնդիրն ուսումնասիրելու նախաձեռնությունը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդինն է, ով ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները բացահայտում են Ադրբեջանում օրենքների կամայական կիրառումը՝ վարչակազմի քննադատներին լռեցնելու ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար, և հայտնել է, որ ներկայացուցիչների կգործուղի Ադրբեջան՝ իշխանություններից պարզաբանումներ ստանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG