Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովան վերջապես ազատ արձակվեց


Խադիջա Իսմայիլովան դուրս եկավ բանտից, Բաքու, 25-ը մայիսի, 2016թ.
Խադիջա Իսմայիլովան դուրս եկավ բանտից, Բաքու, 25-ը մայիսի, 2016թ.

Այսօր առավոտյան Խադիջայի ազգականներն ու գործընկերները հարց էին տալիս. տեսնես որտե՞ղ մայիսի 27-ին կլինի հոբելյարը՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ տանը։

Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր պետք է քններ Խադիջայի բողոքարկումը։ APA լրատվական գործակալությունը կեսօրին հաղորդեց, որ դատարանն ընդունել է սահմանված 7.5 տարվա պատժաժամկետը 3.5 տարվա պայմանական ազատազրկմամբ փոխարինելու որոշում։

Մայրը՝ տիկին Էլմիրան, նախօրեին ասել է, որ անկախ ամեն ինչից ծրագրում է նշել դստեր հոբելյանը․ - «Ես պատրաստվում եմ աղջկանս ծննդյան օրվան: Հուսով եմ, որ նրան կազատեն: Խադիջան ինձ խնդրել է առանձնապես մեծ հույսեր չփայփայել, բայց ես միևնույն է նրան սպասում եմ, չեմ կարող չսպասել: Նա պետք է ազատվի․ եթե իշխանությունը խելացի է՝ պետք է ազատի, եթե ոչ՝ աղջկաս կպահի բանտում»:

Հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտված Խադիջա Իսմայիլովան կտրականապես հերքում է մեղադրանքը: Իրավապաշտպանների համոզմամբ, պաշտոնական Բաքուն պարզապես վրեժ է լուծել լրագրողից Իլհամ Ալիևի գերդաստանի ապօրինի գործարքների մասին բազում ապացույցներով հիմնավորված հոդվածներ հրապարակելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների փոխանցմամբ, եթե կար Խադիջային ազատ տեսնելու հույս, ապա այն կարող էր միայն այսօր իրականացվել։ Բանն այն է, որ մայիսի 28-ին Ադրբեջանը նշելու է Հանրապետության օրը։

Դրա կապակցությամբ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան օրերս առաջարկել է ներում հայտարարել, Միլի մեջլիսն ընդունել է առաջարկը։ Ենթադրվում է, որ մոտ երեքևկես հազար բանտարկյալ ազատություն կստանա։

Մարտի 14-ին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ազատ են արձակվել 14 քաղբանտարկյալներ, այդ թվում Ռասուլ Ջաֆարովը: Երկու շաբաթ անց ազատություն էր ստացել իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը։

Արևմտյան կառավարությունները և իրավապաշտպան կազմակերպությունները Ալիևի ռեժիմին բազմիցս են հորդորել ազատել Խադիջային։

«Ծնունդդ շնորհավոր, 40-ամյակդ շնորհավոր, Խադիջա: Մարդիկ ամբողջ աշխարհում և Միացյալ Նահանգներում քեզ հետ են», - նախօրեին ասել է ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը։

«Մենք հիացած ենք քո խիզախությամբ և նվիրվածությամբ, լրագրողական աշխատանքով», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

Խադիջայի խնդրով զբաղվել է անվանի իրավապաշտպան Ամալ Քլունին։ Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային բազում մրցանակների։

Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը, Խադիջա Իսմայիլովային շնորհվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գիյերմո Կանոյի մրցանակը։ Մարտին լրագրողն արժանացել է The Washington Post-ում խմբագրական գրելու պատվին։

«Ես երջանիկ եմ, որ քաղբանտարկյալներից մի քանիսին ազատել են, բայց ես խաղալիք չեմ, որ ինձ փոխանակեն հանուն Բաքվի կամ Վաշինգտոնի դիվանագիտական նվաճումների։ Մենք այստեղ ռեժիմի պատանդներ ենք անկախ այն բանից՝ բանտո՞ւմ ենք, թե՞ դրսում», - գրել է Խադիջան։

«Սա մեծ օր է Խադիջայի և բոլոր լրագրողների համար, մեծ օր է ազատ խոսքի համար, մենք շատ ուրախ ենք և անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Խադիջան կվերադառնա աշխատանքի», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը։

XS
SM
MD
LG