Մատչելիության հղումներ

Էրդողանի հետ հանդիպումը Մերկելին «դրական լուրերի» հույս է ներշնչել


Անգելա Մերկել և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Անգելա Մերկել և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Չինաստանում անցկացվող աշխարհի զարգացած 20 երկրների՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Մեկ ժամ տևած հանդիպումից հետո Մերկելն ասել է, թե լիահույս է, որ Թուրքիան շուտով կթույլատրի գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք ռազմակայան: Այս մասին հաղորդում են Associated Press-ը, գերմանական DPA գործակալությունը՝ հիշեցնելով, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի խորհրդանանի ստորին պալատը՝ Բունդեսթագը ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի պատասխան քայլերից մեկը Անկարայի արգելքն է գերմանացի պատգամավորների այցին, որոնք ցանկանում են այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին: Այս ռազմակայանը «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարելու համար օգտագործվում է նաև Գերմանիայի կողմից: Այնտեղ Գերմանիայի օդուժի հետախուզական օդանավեր են տեղակայված, ինչպես նաև մոտավորապես 250 զինծառայող, այդ թվում՝ օդաչուներ և տեխնիկական անձնակազմ:

DPA-ի փոխանցմամբ՝ Անգելա Մերկելը ասել է, որ ակնկալում է «դրական լուրեր» ստանալ առաջիկա օրերին:

Անցած ուրբաթ օրը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ասել էր, որ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի: Reuters-ի փոխանցմամբ՝ սա կարող է ազդանշան լինել թուրք-գերմանական հարաբերությունները շտկելու համար:

Չնայած Թուրքիայի նախագահի մամուլի հարցերով խորհրդական Իլնուր Ջևիքն անցած ուրբաթ ասել էր, թե բանաձևի պարտադիր իրավական ուժ չունենալու մասին հայտարարությունը բավարար չէ պատգամավորների այցելությունը թույլատրելու համար, այնուամենայնիվ, հաջորդ օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գոհունակություն էր հայտնել, որ Գերմանիան ընդգծում է՝ բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 3-ին Չավուշօղլուն ասել է, թե պատմականորեն շատ նրբազգաց հարցը չի կարելի թողնել խորհրդարանների և քաղաքական գործիչների արդարամտությանը: «Գերմանիայի կառավարությունը իր հայտարարությամբ նշեց, որ հարցը իրավական է, ինչը, ըստ էության, մենք ենք ասում», - մեկնաբանել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը ասել էր, թե Ինջիրլիք Բունդեսթագի պատգամավորների այցելության թույլտվություն ստանալու համար Գերմանիայի կառավարությունը պետք է իրեն անջրպետի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Օգոստոսի 29-ին Չավուշօղլուն ասել էր․ - «Թույլ չենք տա Թուրքիայի տարածքի բացառիկ գոտիներ այցելել նրանց, ովքեր անպատասխանատու կերպով խաղում են մեր պատմության հետ»: Նա նշել էր, թե թույլտվություն ստանալու համար Գերմանիան պետք է անհրաժեշտ քայլեր կատարի:

Անցած ուրբաթ Spiegel Online-ը գրել էր, թե Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է կատարել այդ քայլը, սակայն նույն օրը մի քանի անգամ հայտարարվեց, որ Գերմանիայի կառավարությունը իրեն հեռու չի պահում Բունդեսթագում ընդունված բանաձևերից: Ամենօրյա ճեպազրույցում դա ընդգծեց Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, հայտարարելով, որ որևէ խոսակցություն չի կարող լինել այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը իրեն հեռու է պահում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագում ընդունված բանաձևից: Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մաթիաս Շեֆերը արտգործնախարարի դիրքորոշման մասին ասել էր, թե «պարոն Շտայնմայերը նաև պատգամավոր է և չի կարող իրեն հեռու պահել Բունդեսթագում ընդունված բանաձևից»:

Բունդեսթագում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության խմբակցության ղեկավարը, ներկայացնելով երկրի ղեկավարի դիրքորոշումը, հայտնել էր, թե խորհրդարանի առաջնորդների հետ հանդիպմանը Մերկելն ասել է, որ հետ չի կանգնում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից՝ չնայած նա հունիսի 2-ին կայացած քվեարկությանը չէր մասնակցել:

Հայկական հարցը քիչ էր մնում տարաձայնություններ, պառակտում առաջացներ Գերմանիայի իշխող կոալիցիայի ներսում: Կենտրոնամետ կոալիցիայում քրիստոնեա-դեմոկրատների կրտսեր գործընկեր սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմենը անցած ուրբաթ հայտարարել է, թե բանաձևը իրավական չէ, բայց քաղաքականապես պարտադիր է: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի կառավարության բոլոր անդամները պետք է իրենց պարտավորված զգան խորհրդարանի կայացրած որոշումներով», - ասել է նա:

Ռեյներ Առնոլդը՝ խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների խոսնակը, Reuters-ին ավելի վաղ ասել էր, թե ակնկալում է, որ հաջորդ, այսինքն՝ արդեն այս շաբաթվա ընթացքում Թուրքիան կհաստատի հոկտեմբերի 4-ին նախատեսված պատգամավորների այցելությունը Ինջիրլիքի ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG