Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիան հետ չի կանգնում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից


Գերմանիայի կառավարությունը հայտարարում է, որ իրեն հեռու չի պահում Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, միաժամանակ նշելով, որ բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր կուսակցության խորհրդարանական առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրեն հեռավորության վրա չի պահում Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, որի պատճառով լարվածություն առաջացավ Թուրքիայի հետ հարաբերություններում: Մերկելի այս հայտարարության մասին հայտնել են հանդիպման մասնակիցները:

Խորհրդարանում քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վոլքեր Կաուդերը կուսակիցների հետ հանդիպմանը հայտնել է, որ ինքն այդ թեմայով զրուցել է Մերկելի հետ և Գերմանիայի կանցլերը շեշտել է իր դիրքորոշումը:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Կաուդերը նաև հայտնել է, որ մինչև Բունդեսթագի քվեարկությունը ներկուսակցական հավաքում Անգելա Մերկելը կողմ է քվեարկել բանաձևին, չնայած Բունդեսթագի հունիսի սկզբին տեղի ունեցած քվեարկությանը նա չի մասնակցել: Քվեարկությանը չէին մասնակցել նաև արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և էկոնոմիկայի նախարար Սիգմար Գաբրիելը: Շտայնմայերը սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, Գերմանիայում իշխող դաշինքի գործընկերը:

Ուրբաթ օրը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմնայերը ասել է, որ Բունդեսթագի բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, նրա հայտարարությունը կարող է ազդանշան լինել Թուրքիայի հետ հարաբերությունները ուղղելու համար:

Բունդեսթագի բանաձևերից հետո Թուրքիան չի թույլատրում գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմակայանում գտնվող գերմանացի 250 զինծառայողներին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, թե այցելության թույլտվություն ստանալու համար Գերմանիայի կառավարությունը իրեն պետք է անջրպետի բանաձևից:

Շտայնմայերը ուղիղ չի մեկնաբանել «Շպիգել օնլայնի» լուրը, որն ասում է, թե Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է իրեն հեռու պահել բանաձևից: Նման քայլի հնարավորության մասին արտգործնախարարը լրագրողներին ասել է․ - «Գերմանիայի խորհրդարանը ցանկացած բանաձև ընդունելու իրավունք և ազատություն ունի, բայց Բունդեսթագն ինքն ասել է, որ յուրաքանչյուր բանաձև չէ, որ իրավական պարտադիր ուժ ունի»:

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը ամենօրյա բրիֆինգում հայտարարել․ - «Որևէ խոսակցություն չի կարող լինել այն մասին, որ Գերմանիայի կառավարությունը իրեն հեռու է պահում Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևից»:

«Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պաշտպանում է Բունդեսթագում ընդունված բանաձևը», - հայտարարել է խոսնակը:

Նա ասել է, որ դեռ սպասում են Թուրքիայի կառավարության արձագանքին Ինջիրլիքի ռազմակայան այցելելու՝ Գերմանիայի պատգամավորների խնդրանքին և հույս հայտնել, որ պատգամավորները շուտով հնարավորություն կունենան այցելելու Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին:

Ավելի ուշ հայտարարվեց, որ Գերմանիան ասել է Թուրքիային, որ գերմանացի պատգամավորները պետք է թույլտվություն ստանան այցելելու Ինջիրլիք և ակնկալում են, որ հոկտեմբերին նախատեսված այցելությունը տեղի կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG