Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Ժողովրդի առաջից գնալու ենք, կոկորդիլոսի երախն էլ պատռելու ենք»


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պայքարից հետ չի կանգնել։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանավայրից դուրս գալով հայտարարում է՝ պայքարից հետ չի կանգնել։

«Պայքարել եմ ու շարունակելու եմ պայքարել, որ հնարավորինս այն շրջապատը, որը դեռ մնացել է իմ կողքը, դա մնա Հայաստանում։ Այլ ճանապարհ չկա, եթե այլ ճանապարհ կա, թող որևէ մեկը ասի, ես իմանամ, չէ, նույն ոստիկաններն են ասում՝ «դե մի բան արեք, սենց չի լինի արդեն»։ Դրա համար պայքարել ենք և պայքարելու ենք», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ օրինական են պայքարել, օրինական էլ շարունակելու են պայքարել։

«Որևէ կոկորդիլոսի երախից էլ ոչ վախեցել ենք, ոչ էլ շարունակելու ենք վախենալ, և ոչ էլ ժողովրդի հետևն ենք կանգնելու, այլ ժողովրդի առաջից գնալու ենք, այդ կոկորդիլոսի երախն էլ պատռելու ենք», - ասաց «ժառանգության» փոխնախագահը։

Արմեն Մարտիրոսյանը, հիշեցնենք, ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Օգոստոսի 17-ին Վերաքննիչ դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն ու ազատ արձակեց Մարտիրոսյանին։

Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների՝ զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու քայլին, այն ճիշտ որակեց։ «Ես, երբ Ձերբակալվածների պահպանման վայրում իմացա, որ տղաները զենքը վայր են դրել և հանձնվել են, հանձնվել չասեմ, դուրս են եկել ՊՊԾ [ոստիկանության պարեկապահակայնի ծառայության] գնդի տարածքից, իրենք շատ ճիշտ քայլ են արել, որովհետև ի սկզբանե ակնհայտ էր, որ իրենց խնդիրը ոչ թե այն էր, որ զինված հեղաշրջում, հեղափոխություն իրականացնեին, հակառակ պարագայում զենքը վերցնելուց հետո անմիջապես պետք է գնային այդ զենքն օգտագործելու, ոչ թե այդ փակ տարածքում նստեին, մնային։ Ակնհայտ էր, որ իրենք փորձել են այդ գործողությամբ ակտիվացնել հասարակությանը։ Այսինքն, երբ մարդը քնած է, կողքն օրինակ, հրդեհ է բռնկվում, շմոլ գազից կարող է խեղդվել և այլն, չզգալով մահանալ, մի դույլ սառը ջուր ես լցնում վրան, ինքը միանգամից վեր է թռնում և սկսում է գործողություններ իրականացնել, մոտավորապես մի այդպիսի իրավիճակ է եղել, այսինքն՝ ժողովրդին արթնացման գործընթաց է եղել, և ոչ թե զինված հեղափոխություն», - ասաց Մարտիրոսյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե այդ գործընթացի ժամանակ երեք ոստիկանի արյուն է թափվել, «Ժառանգության» փոխնախագահն այսպես արձագանքեց. - «Շատ ցավալի է և դեռևս ազատության մեջ գտնվելուց ասել եմ, որ ցավում եմ ոստիկանի զոհը առավել ևս իմ արդեն անազատության մեջ գտնվելու ժամանակ ևս երկու զոհ ունեցանք, նաև չմոռանանք, որ քաղաքացին ինքնահրկիզվեց, և դա է պատճառը, որ ոչ մեկ անգամ եմ ասել և հիմա էլ ասում եմ՝ «իսկապես ոստիկանները մեր եղբայրներ են, ոստիկանները մեր շարքերից են դուրս եկել, իրենք ևս ապրում են մի կերպ, ինչպես հիմա են ապրում»։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 21-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG