Մատչելիության հղումներ

Տասնյակ վիրավորներ, բերման ենթարկվածներ Սարի թաղում և Խորենացի փողոցում, որտեղ ուրբաթ օրը ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրեց` ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով: Հարձակման են ենթարկվել և տուժել են նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողները:

Ոստիկանները լուսաձայնային միջոցների կիրառմամբ նախ գործողություններ սկսեցին Սարի թաղում: Ցուցարարներն այստեղ էին եկել Ազատության հրապարակում ավելի վաղ կայացած հանրահավաքից հետո: Նրանք հայտարարել էին, որ երթով գնում են Խորենացի փողոց, սակայն անսպասելիորեն Նար-Դոս փողոցում շեղվեցին երթուղուց և շարժվեցին Սարի թաղի ուղղությամբ, որտեղից ճանապարհ կա դեպի ՊՊԾ գնդի տարածք:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը սկսեց բանակցել ցուցարարներին առաջնորդող Արմեն Մարտիրոսյանի՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի, և Լևոն Բարսեղյանի՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի հետ, պահանջելով դեպի Սարի թաղ շարժվող ցուցարարներին առաջնորդել դեպի Խորենացի փողոց: Մինչ այդ՝ պայթյուններ էին տեղի ունենում ՊՊԾ գնդի տարածքում և ցուցարարների անհանգստությունն աճում էր:

«Մենք այստեղից ներքև [դեպի ՊՊԾ գնդի տարածք] չենք իջնի», - վստահեցնում էր Արմեն Մարտիրոսյանը:

«Այս ճանապարհը պետք է աշխատի: Այստեղից՝ Սարի թաղից, գնացեք: Ժողովուրդը պետք է հանգստանա: Դու այս պահին բանակցում ես քո չարտոնված երթով, չես կարողանում մասսային տիրապետես, քարերով խփում են, ես վնասված ոստիկան ունեմ արդեն», - հայտարարեց Կարապետյանը:

Դեպքի վայր ժամանեցին և բանակցություններին միացան նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ոստիկանությունը հինգ րոպե վերջնաժամկետ տվեց ցուցարարներին տարածքից հեռանալուց հետո:

Մինչ բանակցությունները շարունակվում էին, ՊՊԾ գնդի տարածքից շարունակում էին պայթյուններ, կրակոցներ լսվել:

Պնդելով, որ ցուցարարները փորձում են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել ՊՊԾ գնդի տարածք՝ ոստիկանությունը հատուկ միջոցներ և ուժ կիրառեց և ցրեց ցույցը: Իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ նույնպես ուժ կիրառվեց: Մասնավորապես՝ «Ազատության» լրագրողներ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և օպերատոր Գարիկ Հարությունյանը հարձակման ենթարկվեցին քաղաքացիական հագուստով անձանց, ամենայն հավանականությամբ՝ ոստիկանների կամ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Տարբեր հաղորդագրությունների համաձայն, տուժել են նաև ռուսաստանյան Life հեռուստաընկերության օպերատորը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը և օպերատորը, Civilnet-ի և «Ա1պլյուս»-ի նկարահանող խմբերը, ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը:

Սարի թաղում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ Խորենացի փողոցում ևս լարվածությունն աճում էր: Այստեղ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ Խորենացի փողոցում հավաքը թույլատրված չէ: Հայտարարությունից անմիջապես հետո ոստիկանները սկսեցին հատուկ միջոցների գործադրմամբ շարքերով առաջ շարժվել և ուժի կիրառմամբ ցրել ցույցն ու բերման ենթարկել քաղաքացիներին:

Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը տեղի ունեցածից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում»:

«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից», - գրել է Ահարոնյանը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 29 վիրավոր:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG