Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին և Անդրիաս Ղուկասյանին


Նրանք մեղադրվում են հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

«Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին, «Նոր Հայաստան»-ից Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել։

Առաջադրված մեղադրանքը Սարի թաղի ցույցի ղեկավարողների պաշտպանները բնութագրում են որպես քաղաքական հետապնդում։

«Զրուցելու ժամանակ մարդուն ներս են անցկացնում ոստիկանական պատնեշից ներս և բերման ենթարկում․․․ Այսինքն ոստիկանության աշխատակցի հետ զրուցելը արդեն զանգվածային անկարգության կազմակերպում է, հա՞․․․ Միանշանակ ակնհայտ ապօրինի է: Տեսանյութերը հիմնավորում են իր անմեղությունը: Սա քաղաքական հետապնդում է», - ասաց Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Նա իրավաչափ չի համարում նաև իր պաշտպանյալի ձերբակալման գործընթացը․ - «Բողոքարկումներով գնում ենք․․․ Ձերբակալման իրավաչափության հետ կապված ներկայացրեցինք բողոքը, դատարանը ևս ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց, մերժեց, որը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան: Այսօր էլ տեսնենք ինչ գործողություններ կանեն, ըստ այդմ կկողմնորոշվենք»:

Նույնն է պնդում Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը։ Սանասարյանին բերման են ենթարկել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Հոր պալատից դուրս բերելով, նրան քաղաքացիական հագուստով անձինք միջանցքում քարշ էին տալիս։ Այդ ընթացքում Սանասարյանը կորցրել էր գիտակցությունը և բժշկի ցուցումով պետք է տեղափոխվեր վերակենդանացման բաժանմունք։

«Սա արդեն իսկ խախտում է», - հայտարարեց Ռևազյանը: - «Ինքը նախ պիտի զննվեր բժշկի կողմից, և եթե առողջական վիճակը թույլ տար, իր հետ ինչ-որ գործողություն իրականացնեին: Հաջորդը, այն հոդվածը, որը իրեն մեղսագրվում է՝ 225 կետ 1-ը՝ ապօրինի հավաք կազմակերպելը, որի համար ընդամենը երեք ամիս կալանք է նախատեսվում առավելագույն պատժաչափը, ու այս պայմաններում ձերբակալումը ընտրել, դա արդեն իսկ օրենքի խախտում է: Դա կարելի է գնահատել որպես հետապնդում»:

Սանասարյանի հայրը կատարվածը որպես առևանգում է որակում ու հավելում՝ Ձերբակալվածների պահման վայրում որդուն սնունդ փոխանցելու հնարավորություն չի տրվել․ - «Դժգոհ էր, որ արգելել են դրսից իրեն տանել սնունդ, որը օրինական է»:

Հովսեփ Խորշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը իրավապահների գործողությունները համեմատում է Մարտի 1-ին հաջորդած գործընթացին․ - «Ինչքան որ Մարտի 1-ից գիտեք, էդքանով իմացեք: Նույն սյուժեով, նույն ձեռագրով․․․ Բան չի փոխվել․ նույն սխեման է, և էդ սխեմայով առաջ են տանում էս գործերը»:

Այս պահին դատարանը քննում է ձերբակալվածների խափանման միջոցի ընտրության հարցը։ Սեդա Սաֆարյանը կրկին օրենքի խախտումներ է արձանագրել․ - «Դատարան ենք մտել, կալանավորման գործն ա լսվում, ու ասեմ, որ առանց լույսի ա դատարանը մնացել: Շատ դժվար իրավիճակ ա ստեղ: Ես վստահ չեմ, որ այսօր լույս չլինելը նաև էս գործերի սպեցիֆիկայի հետ չի կապված: Իմ կարծիքով, ձայնագրման դժվարություններ ստեղծելը արդեն խնդիր ա մեր համար: Որովհետև սրանք բոլորը Եվրոպական դատարան գնալու գործեր են, ու շատ դժվար ա ասել, թե սղագրությունն ինչպես կկատարվի»:

Պաշտպան Ռոբերտ Ռևազյանին հետաքրքրում է՝ եթե տեղի ունեցածը քաղաքական հետապնդում չէ, ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել Սարի թաղի դեպքերին մասնակցած գոնե մեկ ոստիկանի․ - «Արդյո՞ք որևէ ոստիկանի գործողություններում չկար քրեորեն պատժելի արարք՝ հաշվի առնելով այսքան լրատվամիջոցների հրապարակումները, փաստերը, մարմնական վնասվածքները: Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում գոնե մեկ ոստիկանի նկատմամբ: Որևէ մեկին չեն ձերբակալել, մեղադրանք չեն առաջադրել: Այն դեպքում, երբ հանկարծ իրենց պետք է լինում, մի քանի ժամվա մեջ հարցը լուծում են»:

XS
SM
MD
LG