Մատչելիության հղումներ

Սաքունց. Ոստիկանության գործողությունները պետք է դիտարկվեն քրեական գործի շրջանակում


Ոստիկանության գործողությունները միանշանակ պետք է դիտարկվեն քրեական գործի շրջանակում, երեկ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Օգոստոսի 8-ին, հիշեցնեն, Ոստիկանությունը հաղորդեց, որ Ոստիկանությունում ծառայողական քննություններ են ընթանում, որոնց արդյունքներով, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով, ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:

Ոստիկանությունը նաև տեղեկացրեց, մի շարք պաշտոնանկությունների, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պաշտոնանկության մասին:

Իրավապաշտպանի խոսքով, հայտնի չէ, թե դրանք ինչ ծառայողական քննություններ են և ով է իրականացրել։ «Չգիտենք, թե այդ ծառայողական քննության նյութերում ի՞նչ է հիմնավորվել, այդ ոստիկանը կոնկրետ ի՞նչ գործողությունների համար է կատարել այդ քայլերը։ Նայեք՝ ունենք քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործը, այդ թվում՝ նաև արդեն իսկ քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են՝ Արմեն Մարտիրոսյան [«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ], Դավիթ Սանասարյան [«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ], Հովսեփ Խուրշուդյան [«Ժառանգություն» կուսակցության նախկին խոսնակ] և այլն։ Այդ քրեական գործով քաղաքացիներին, այսպես կոչված, դեռևս իրավական գնահատական չի տրված։ Այդքան մեծ թվով անձանց նկատմամբ ծառայողական քննություն իրականացնել և օբյեկտիվորեն ունենալ եզրակացություն, որի հիման վրա տալ նկատողություն, նախ ինքնին դա հնարավոր չէ», - ասաց Սաքունցը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է սա նշանակում, իրավապաշտպանը պատասխանեց. - «Դա ես համարում եմ, պատկերավոր ասած, ժամանակավոր զոհաբերումներ՝ հանրությանը հանգստացնելու, ցույց տալու համար տեսարան։ Գիտենք, որ Վլադիմիր Գասպարյանը լավ տիրապետում է դերասանական այդ մշակույթին և գիտի, թե ինչ է նշանակում ամբոխին կամ հանրությանը տեսարաններով զբաղեցնելը»։

Երևանի Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը, հիշեցնենք, երեկ հայտարարեց, որ պահանջում է պաշտոնից ազատել նաև Հայաստաի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Խմբակցության հայտարարությունում մասնավորապես ասված էր. - «Հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսևորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բռնախեղդ արեց: <...> Ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսևորմամբ գագաթնակետին հասան Երևանի Սարի թաղ համայնքում, և այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն էր, ով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի: «Բարև Երևան»-ը պահանջում է Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:

Անդրադառնալով Երանոսյանին՝ արձակուրդ ուղարկելու փաստին, իրավապաշտպանն ասաց. - «Դա նախ օգտագործվում է զուտ մի բանի համար, որ այս պահին, քանի իրավիճակը թեժ է, հանդարտվի, հետո այդ ընթացքում մի բան կմտածեն, որոշ տեխնոլոգիա, որպեսզի նրան պատասխանատվության չենթարկեն։ Բայց արձակուրդ գնալը դեռևս չի նշանակում, որ Երանոսյանը չպետք է հրավիրվի Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության»։

«Սասնա ծռեր»-ն իրենց զինված գործողության, որ իրենք անվանում են զինված ապստամբություն, այդպես պատկերավոր ասած, ըստ էության, բավական շատ սուր կերպով արձանագրեցին Հայաստանում քաղաքական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որը չկա», - եզրափակեց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG