Մատչելիության հղումներ

«Բարև Երևան»-ը պահանջում է Լևոն Երանոսյանի պաշտոնանկությունը


Լևոն Երանոսյանը՝ Խորենացի փողոցում, 30-ը հուլիսի, 2016թ.

Լևոն Երանոսյանը՝ Խորենացի փողոցում, 30-ը հուլիսի, 2016թ.

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջում է պաշտոնանկ անել Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին:

Խմբակցության պահանջում մասնավորապես ասված է. - «Հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսևորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բռնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն այլևս իրականություն է: Այդ օրերին ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսևորմամբ գագաթնակետին հասան Երևանի Սարի թաղ համայնքում, և այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն էր, ով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի», - ասված է խմբակցության հայտարարությունում:

«Բարև Երևան»-ը պահանջում է Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:

«Խմբակցությունը շարունակելու է լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնել «թեկնածուների» հաջորդական շարքը՝ պահանջելով նրանց պաշտոնանկությունը՝ հետևողական լինելով դրանց իրականացման հարցում», - ասված է խմբակցության հայտարարությունում:

XS
SM
MD
LG