Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ևս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:

Այս մասին լրագրողներին փոխանցեց Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը: Նրա խոսքով, այսօր մի խումբ անձինք, զինված ինքնաձիգներով և ատրճանակներով, հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, մուտք են գործել տարածք և այնտեղ բռնությամբ պահում են պատանդների: Պատանդները ոստիկանության ծառայողներ են:

Ոստիկանապետի տեղակալը հաստատեց, որ պատանդների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Պողոսյանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում, ոստիկանությունը հորդորում է հետ կանգնել «հանցավոր մտադրությունից և հանձնվել»:

«Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում: Բայց քանի որ չենք կորցրել ոչ մի հույս բանակցություններով ավարտելու այս ողջ գործընթացը, մենք շարունակելու ենք բանակցել», - ասաց Հունան Պողոսյանը:

Անդրադառնալով բաժինը գրաված անձանց պահանջին՝ ոստիկանապետի տեղակալն ասաց, որ նրանք ընդամենը մեկ պահանջ են ներկայացրել՝ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, հավելելով, որ նրանց պահանջի իրականացումը հնարավոր չէ:

Այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ երկու պահանջ ունեն՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել էր, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG